Հինգշաբթի հայտնի ամերիկացի լրագրող Լարի Քինգը CNN հեռուստաալիքով իր վերջին հաղորդումն է անցկացրել, գրում է AFP-ն: Քինգի հաղորդումը եթերում է եղել 25 տարի շարունակ:
77-ամյա լրագրողը շնորհակալական խոսք է ուղղել նրանց, ովքեր օգնել են իրեն ստեղծել Larry King Live հեռուստաշոուն: Նա նաև ասել է, որ հրաժեշտ չի տալիս հանդիսատեսին, քանի որ մտադիր է հատուկ շոուներ վարել CNN-ի եթերում, ինչպես նաև աշխատել ռադիոյում:
Larry King Live հաղորդման վերջին եթերի ժամանակ Քինգը մի շարք հայտնի մարդկանց է հյուրընկալել, այդ թվում` ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, և հայտնի ջազմեն Թոնի Բենեթին: Քինգի հյուրն է եղել նաև Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, ով ասել է, որ այս հինգշաբթին Կալիֆորնիայում հայտարարել է «Լարի Քինգի օր»: Վերջին եթերում լրագրողի հյուրի կարգավիճակում են եղել նաև Քինգի կինն ու երկու որդիները:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քինգին հեռուստաուղերձ է ուղարկել, որում նրան անվանել է «հեռուստատեսության հսկաներից մեկը»: