Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբային մամուլի ասուլիսին խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքների մասին և պատմել է, թե ինչպես է անցկացնում իր հանգիստը:
-Եթե գաղտնիք չէ, որտե՞ղ և ո՞ւմ հետ ես նայել վիճակահանությունը:
-Ցավոք սրտի, հնարավորություն չեմ ունեցել վիճակահանությանը հետևել ուղիղ եթերում, բայց անհամբեր սպասում էի արդյունքներին:
-Ինչպե՞ս ես գնահատում վիճակահանության արդյունքները: -Իհարկե, «Ռոմա»-ն վատ թիմ չէ: Հռոմեացիների հետ երկու խաղերն ավելի դժվար են լինելու, քան խմբային փուլի 6 հանդիպումները: Բայց լուրջ պատրաստվելու ենք և ամեն ինչ կանենք, որ առաջ գնանք:
-Սպասու՞մ էիր, որ «Ռոման» կհաղթի «Միլանին»: – Սպասում էի, իհարկե: «Միլանն» այժմ շատ լավ վիճակում է, բայց դե «Ռոման» էլ նվեր չէ: Բայց այդ խաղը «Ռոմայի» հետ սպասվող մեր խաղերի հետ կապ չունի: Այդ խաղերին դեռ երկու ամիս ժամանակ կա:
-Այժմ քո ազատ ժամանակը միայն հանգստի՞ն ես տրամադրում, թե՞ մարզումներ, այնուամենայնիվ, անցկացնում ես: – Առայժմ հանգստանում եմ, բայց մի քանի օր անց կսկսեմ մարզվել: Մարզիչները հատուկ ծրագիր են կազմել ինձ համար, որի շնորհիվ ավելի արագ լավ մարզավիճակ ձեռք կբերեմ:
– Գիտենք, որ ողջ արձակուրդդ մտադիր ես անցկացնել Հայաստանում: Միտքդ չե՞ս փոխել: -Դեռ մտածում եմ: Հնարավոր` է Նոր տարուն մի քանի օրով ինչ-որ տեղ գնամ: Հնարավոր է և չգնամ: Եթե մնամ Հայաստանում, ապա 2011 թվականը կդիմավորեմ ընտանիքիս հետ:
-Երբևէ Նոր տարին դիմավորե՞լ ես Ուկրաինայում: -Ոչ, արդեն երկրորդ տարին է` ամանորյա տոներին մեկնում եմ հայրենիք Այնպես որ, Ուկրաինայում դեռ Ամոնոր չեմ դիմավորել:
-Երկու խոսքով կպատմե՞ս, թե հայերն ինչպես են նշում Ամանորը:
-Իհարկե, սեղաններ են գցում, շամպայն են բացում: Սա մեզ մոտ ընտանեկան տոն է և նշվում է մինչև հունվարի 7-ը և անգամ ավելին: Օրինակ, կարող եմ Նոր տարին դիմավորել տանը, իսկ այնուհետև գնամ քեռուս տուն, ընկերներիս մոտ, իսկ հետո նրանք կգան մեր տուն:
Հենրիխ Մխիթարյանը նաև շնորհավորել է «Շախտյորի» բոլոր երկրպագուներին տոների կապակցությամբ:
«Շնորհավորում եմ բոլոր երկրպագուների Ամանորը: Առողջություն և հաջողություն եմ ցանկանում: Թող 2011 թվականին շատ երջանիկ պահեր ապրեն «Շախտյորի» հետ»,- ասել է Մխիթարյանը: