«Պետք չէ չափից շատ գայթակղվել այն հանգամանքից, որ այժմ Իրանը ուժերի գերլարումով պետք է զբաղվի ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցով, սակայն պետք է նշել, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի վրա ազդելու լծակներ ունի:
Կարծում եմ` ավելի կարևոր է այն, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների գործունեության անարդյունավետությունը հանգեցրեց նրան, որ այժմ Ադրբեջանը և տարածաշրջանի մյուս երկրները խնդրի լուծման նոր ձևեր են փնտրում»,- 1news.az-ին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովը` մեկնաբանելով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` Ղարաբաղի հարցում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հայտարարությունը:
«Ամեն դեպքում անհրաժեշտ է նշել, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոթաքիի` պաշտոնանկ լինելուց հետո փորձագետները որոշակի փոփոխություններ են ակնկալում Իրանի ներքին քաղաքականության մեջ, և արդեն առկա են այդ փաստը հաստատող նախանշաններ: Այսինքն, Իրանը կարող է ավելի ազատականացնել իր արտաքին հարաբերությունները, ինչին մեծապես կնպաստեն Թուրքիան և Ադրբեջանը»,- ասել է քաղաքագետը:
«Ներկայումս Իրանը ակտիվ համագործակցում է Հայաստանի հետ, քանի որ, ի դեմս այդ երկրի, տեսնում է ևս մեկ տրանսպորտային միջանցք արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու համար: Բայց Թուրքիան և Ադրբեջանը այս գործընթացում Իրանին ավելի շատ բան կարող են առաջարկել և ավելի լայն հնարավորություններ տալ: Կարծում եմ, որ Ստամբուլում կայացած ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը նվիրված էր հենց այս հարցին»,- եզրափակել է Սադիխովը: