Home / Հայաստան / Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայության ղեկավարի դեմ քրեական գործ է հարուցվել

Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայության ղեկավարի դեմ քրեական գործ է հարուցվել

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Ալվարո Անտոնյանի դեմ՝ յուրացումների մեղադրանքով:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ  Ատոնյանը, ով աշխատում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում՝ որպես գործակալության պետ, և հանդիսանում է «Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն, Ֆրանսիայի  Հանրապետության ատոմային էներգիայի կոմիսարիատի շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի ներկայացուցիչ Բ. Ֆեյների հետ 2008թ. հուլիսի 10-ին կնքել է փոխըմբռնման հուշագիր:
Համաձայն այդ հուշագրի  և ի լրումն դրա հետագայում կազմված արձանագրությունների՝  նախատեսվել է  Վայոց Ձորի մարզում երկկողմանի ֆինանսավորմամբ կառուցել նորագույն սեյսմիկ կայանների ցանց:
Սեյսմիկ կայանների վերոնշյալ ցանցը կառուցելու համար ֆրանսիական կողմի ներկայացուցիչները, հակառակ սկզբնական պայմանավորվածության,  ստանձնել են ծրագրի լրիվ ֆինանսավորումը  և 2009թ. օգոստոսի 27-ին աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ գումարի մի մասը՝ 37 466 800 ՀՀ դրամին համարժեք 70 000 եվրոն, փոխանցել են Անտոնյանի ղեկավարած  «Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության հաշվեհամարին:
Նախաքննության տվյալներով` Անտոնյանը, օգտագործելով բանակցային կողմ հանդես գալու իր լիազորությունը, հիշյալ գումարն ստացել եւ մուտք է արել նույն կազմակերպության դրամարկղ: Այնուհետեւ որպես կազմակերպության ղեկավար՝ տարբեր ֆիզիկական անձանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու, նախատեսված կայանների շինարարության մեջ նրանց ներգրավելու, ինչպես նաեւ  շինարարական նյութեր ձեռք բերելու եղանակով 2009թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2009թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում, ինչպես նաեւ նույն մարզի Զեդեա համայնքում  գտնվող «Վայք գրուպ» ՓԲ ընկերությանը պատկանող  տարածքներում կառուցել եւ շահագործման է հանձնել սեյսմիկ 6 կայաններից բաղկացած ցանց: Սակայն օգտվելով շինարարական աշխատանքների վրա ծախսած դրամական միջոցների  նկատմամբ ֆինանսական եւ սեյսմիկ ծառայության ազգային մարմնի պատշաճ հսկողության բացակայությունից՝ յուրացրել է ծրագրի ամբողջական իրացման համար իրեն վստահված 3 324 387 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործն  ուղարկվել է Վայոց Ձորի մարզի ընդհանուր  իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: