WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջն իր կյանքի մասին պատմող գրքի հրատարակումից մոտ 1,5 մլն դոլար գումար կվաստակի: Այս մասին The Sunday Times-ին տված հարցազրույցում ասել է ինքը` Ասանջը:
Ամերիկյան Knopf հրատարակչությունը 800 հազար դոլար կվճարի ավստրալացուն, իսկ բրիտանական Canongate-ի հետ պայմանագրի համաձայն` Ասանջը մոտ 500 հազար դոլար հոնորար կստանա: Կայքի հիմնադրի հաշվարկներով` այլ երկրներից նույնպես եկամուտներ կգան:
«Ես գիրք գրելու ցանկություն չունեի, բայց փաստորեն ստիպված եմ դա անել»: Արդեն 200 հազար ֆունտ ստեռլինգ եմ ծախսել դատական գործընթացի վրա, իսկ ես պետք է պաշտպանեմ ինքս ինձ և ապահովեմ WikiLeaks-ի գործունեությունը»,- հայտարարել է Ասանջը:
Նենք, որ նրանից հետո, երբ WikiLeaks-ը սկսեց հրապարակել ԱՄՆ Պետդեպի գաղտնի նյութերը, կայքը ֆինանսական խնդիրների առջև կանգնեց:
Ինչպես արդեն հաղորդվել էր, 2010թ. Ասանջի կայքը 1 մլն եվրոյի չափով նվիրատվություն էր ստացել, սակայն փոխանցվելիք գումարների չափը տարվա երկրորդ կեսից կտրուկ նվազել է: