Այսօր կայացավ Հայ ազգային կոնգրեսի` այս տարվա վերջին քաղխորհդի նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿ առաջնորդն այս անգամ թույլատրեց նիստին մասնակցել նաև լրագրողներին:
Նիստի ժամանակ ամփոփվեց Կոնգրեսի մեկ տարվա գործունեությունը:
«Մեզ շատ հաճախ փորձում են մեղադրել, որ մենք պասիվ ենք, սառեցրել ենք իրավիճակը և այլն, բայց ես կուզեի մի քանի փաստերով ներկայացնել ՀԱԿ-ի գործունեությունն այս ընթացքում, որը, իմ կարծիքով, լրիվ ջարդում է այդ տեսակետները»,- ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Զուրաբյանն անդրադարձավ այս տարվա զանգվածային միջոցառումներին: «Բազմահազարանոց հանրահավաքներ, տարբեր հանրահավաքներում 15000-40000 մարդու մասնակցությամբ, մենք անցկացրել ենք մարտի 1-ին, ապրիլի 7-ին, սեպտեմբերի 17-ին, հոկտեմբերի 15-ին և 19-ին, նոյեմբերի 9-ին, այդ ընթացքում նաև անցկացրել ենք երկու բազմահազարանոց երթ` մարտի 16-ին, և դեկտեմբերի 10-ին: Սրանով էլ մենք չենք բավարարվել, և, եթե հիշում եք, տարին մենք սկսեցինք հունվարի 8-ի հանրահավաքով, որը Նիկոլ Փաշինյանի ընտրարշավի հետ կապված հանրահավաք էր: Բացի դրանից, մենք նաև անցկացրել ենք 7 հանրահավաք Հայաստանի տարբեր քաղաքներում:
Ես չգիտեմ` ուրիշ ակտիվ քաղաքական ուժ Հայաստանում գործել է, թե չէ այս տարվա ընթացքում, որը այսքան ակտիվ գործունեությամբ է զբաղվել, և այսքան մարդ է մոբիլիզացրել»,- ասել է ՀԱԿ համակարգողը:
Նա նաև հիշեցրել է, որ Կոնգրեսի հանրահավաքներից երեքն անցկացվել են հատուկ այն օրերին, երբ Հայաստանում անցկացվել են միջազգային լուրջ ֆորումներ:
«Եվ պետք է ասել, որ այս զուգորդումը մեր հանրահավաքների միջազգային կառույցների ֆորումների հետ շատ լուրջ և հսկայական էֆեկտ ունեցավ: Մենք կարողացանք միջազգային դիվանագիտության օրակարգ մտցնել ազատությունների ոտնահարման հարցերը, և այսօր միջազգային հանրությունը շատ լուրջ և կոշտ դնում է այդ հարցերը Հայաստանի իշխանությունների առաջ: Սա, կարծում եմ, լրջագույն նվաճում է», – ասել է Զուրաբյանը:
Եվս մեկ նվաճում ՀԱԿ համակարգողը համարել է այն, որ «ի վերջո այն բոլոր խոսակցությունները, որոնք մենք դեռ 2008 թվականից վարում էինք` ստվերային կառավարության ստեղծման մասին, կարելի է համարել այլևս իրականություն, որովհետև, եթե դուք հիշում եք, մենք այս տարվա փետրվարին առաջին անգամ հասարակության դատին ներկայացրեցինք համատեղ «100 քայլ» սոցիալ-տնտեսական վերափոխման ծրագիրը, ինչը նշանավորեց մի շատ կարևոր անցում, շարժման մեջ»:
Զուրաբյանի խոսքով` այժմ ՀԱԿ-ն ավարտում է աշխատանքը գիտության, կրթության և մշակույթի ծրագրերի շուրջ:
Ամփոփելով տարին, Զուրաբյանը նշել է, որ այն կարելի է համարել ՀԱԿ-ի կայացման, հզորացման և ընդհանրապես Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման և հզորացման տարի:
Ըստ ՀԱԿ-ի ներկայացուցչի` դրա հետևանք է նաև այն, որ իշխանությունները, տեղի տալով համաժողովրդական շարժման և միջազգային ճնշումներին, այնուամենայնիվ, վերսկսեցին քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը:
Խոսելով մնացած 9 քաղբանտարկյալների մասին` Զուրաբյանն իրենց մաղթել է ուժ և կորով:
«Ամենակարևոր գործն իրենք են անում, և կարծում եմ , որ հպարտ են այդ գիտակցությամբ, որ իրենք այսօր առաջամարտիկն են այս ազատամարտի: Վստահ եմ, որ մյուս տարի մենք բոլորի ազատմանը կհասնենք: Կարծում եմ, որ մյուս տարի մենք կգործենք ավելի համախմբված, ավելի վճռական, ավելի ակտիվ և շատ ավելի մեծ արդյունքներ կարձանագրենք»,- ամփոփել է Լևոն Զուրաբյանը:
Կոնգրեսի գրասենյակում կազմակերպվել էր նաև փոքրիկ հյուրասիրություն և Զուրաբյանի ելույթից հետո ՀՀ առաջին նախագահը շնորհավորել է ներկաների Ամանորը: