Բելառուսի նախագահի 7 թեկնածուների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք, որ ոստիկանությունը կոշտ կերպով ցրել էր Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների կեղծման դեմ դուրս եկած բազմահազարանոց բողոքի ակցիան:
Ինչպես տեղեկացնում է Хартия’97-ը, մեղադրանք է առաջադրվել Անդրեյ Սանիկովին, Վլադիմիր Նեկլյաևին, Նիկոլայ Ստատկևիչին Վիտալի Ռիմաշևսկուն Ալեքսեյ Միխալևիչին, նրանց նկատմամբ 2-ամսյա ազատազրկման ժամկետ է սահմանվել: Եվս երկու թեկնածուներ Գրիգոր Կոստուսևը և Դմիտրի Ուսսը երկիրը չլքելու մասին պարտավորություն են ստորագրել:
Նախկին թեկնածուները մեղադրվում են «զանգվածային անկարգությունների հրահրման» հոդվածով, որի արդյունքում նրանց սպառնում է 5 մինչև 15 տարվա ազատազրկում:
Ընդհանուր առմամբ, զանգվածային անկարգությունների հոդվածով 25 մարդ է մեղադրվում, որոնցից 20-ը գտնվում են հետաքննչական մեկուսարանում:
Ինչպես տեղեկացնում են բելառուսական ԶԼՄ-ները` նախագահի նախկին թեկնածու, հայտնի բանաստեղծ Վլադիմիր Նեկլյաևը նախօրեին հիպերտոնիկ ճգնաժամ է տարել: Նրա առողջական վիճակը անբավարար է գնահատվում, նրա մոտ նկատվում է խոսքի ընդհատվածություն և դանդաղեցում: