Home / Հայաստան / Թուրքիայի բնակչության կեսը չի ցանկանում բաց տեսնել հայ-թուրքական սահմանը. հարցում

Թուրքիայի բնակչության կեսը չի ցանկանում բաց տեսնել հայ-թուրքական սահմանը. հարցում

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գործող MetroPOLL ռազմավարական և հասարակական հետազոտությունների կենտրոնը երկրում հարցում է անցկացրել, որը վերաբերել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության հարցերին:

Մասնավորապես, հետազոտողներն առանձին կետով անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման խնդրին: Հարցվածների 50.3 տոկոսը նշել են, որ սահմանը չպետք է բացվի, 27.7 տոկոսը կողմ են արտահայտվել հայ-թուրքական սահմանի բացմանը, իսկ 22 տոկոսը հրաժարվել են պատասխանել այդ հարցին:

Որպես Թուրքիայի համար ամենավտանգավոր պետություն հարցման մասնակիցների 42.6 տոկոսը նշել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, 23.7 տոկոսը` Իսրայելը, 3 տոկոսը` Իրանը, 2.3 տոկոսը` Հունաստանը, 2.1 տոկոս` Իրաքը և 1.7 տոկոս` Ռուսաստանը:

53 տոկոսը նշել են, որ հանրաքվեի անցկացման դեպքում նրանք ԵՄ-ին ընդգրկվելու մասին հարցին կողմ կքվեարկեին, 38 տոկոսը դեմ է արտահայտվել, իսկ մնացածը դժվարացել են պատասխանել հարցին:

Նշենք, որ հարցումն անցկացվել է դեկտեմբերի 25-ից 29-ը հեռախոսով  պատահական հեռախոսահամարների և բնակավայրերի ընտրությամբ: Հարցմանը մասնակցել են 1,504 չափահաս անձինք: