Ստամբուլի Բիլգի համալսարանի երկու դասախոսներ ժամանակավոր հեռացվել են աշխատանքից իրենց ուսանողի պորնոգրաֆիկ ֆիլմի պատճառով: Համալսարանի ղեկավարությունն անընդունելի է համարել նման ֆիլմ նկարահանելու և ներկայացնելու փաստը, որի համար մեղավոր է համարել Վիզուալ դիզայնի ֆակուլտետի հիմնադիր և ղեկավար պրոֆեսոր Իհսան Դերմանին ու դասախոսներ Ալի Փեկշենին և Ահմեթ Աթիֆ Աքինին: Համալսարանի վարչակազմը դեպքի կապակցությամբ ներքին հետաքննություն է սկսել, ինչպես նաև հայտարարել է իրավական քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին:
Ֆիլմի հեղինակ, Վիզուալ դիզայնի ֆակուլտետի ուսանող Դենիզ Օզգյունը ֆիլմը ներկայացրել էր որպես իր ավարտական թեզ: Այս մասին հաղորդել էր թուրքական Tempo ամսագիրը, որից հետո էլ համալսարանի ղեկավարները նման քայլի են դիմել:
Միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում: Բիլգի համալսարանի Մաթեմատիկայի ֆակուլտետի ղեկավար պրոֆեսոր Ալի Նեսինը բաց նամակ է հղել համալսարանի վարչակազմի ղեկավարներին` կոչ անելով նրանց հրաժարական ներկայացնել:
«Ես պահանջում եմ նրանց հրաժարականը: Նրանք ունակ չեն ղեկավարել մեր համալսարանը ոչ գիտական առումով, ոչ էլ որպես մի հաստատություն, որը շահույթ է հետապնդում: Այս վարչակազմի յուրաքանչյուր որոշում խառնաշփոթ է ստեղծում», – հայտարարել է Նեսինը:
Բիլգի համալսարանի Վիզուալ դիզայնի ֆակուլտետի մի շարք նախկին և ներկա ուսանողներ երեք դասախոսներին հեռացնելու դեմ ստորագրահավաք են սկսել: