ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գտնվող փոքրիկ Սյերա Մադրե քաղաքի ոստիկանությունը դիմել է երկրի Դաշնային Հետախուզության բյուրո (FBI)` խնդրելով օգնել բացահայտել քաղաքի պատմության ընթացքում ամենալուրջ հանցագործություններից մեկը:
Ոստիկանությունը վերջին շրջանում 282 հեռախոսազանգ է ստացել Բոլդուին պողոտայում գտնվող բանկոմատի օգտատերերից, որոնք, ներմուծելով քարտը, հետագայում պարզել են, որ տարբեր չափի դրամական կորուստներ են ունեցել: Կորուստների ընդհանուր քանակը կազմել է 82000 դոլար, տեղեկացնում է «Վիտիյեր Դեյլի Նյուզը»:
Սյերա Մադրեի ոստիկանապետ Մերիլին Դիասը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ հանցագործությունների մեջ ներքաշված են հայկական կամ ռուսական հանցավոր խմբավորումները, հրաժարվել է ընդունել նման կապը, սակայն հաստատել է, որ իրենք փնտրում են ոմն Եվգենի Յակիմենկոյին, ում նախկինում պատկանում էր Բոլդուին պողոտայի վրա գտնվող այն տարածքը, որտեղ տեղադրված էր բանկոմատը:
Դիասը հայտարարել է, որ նմանատիպ խնդիրներ եղել են նաև «Վալերո» գազալցակայանի մոտ տեղադրված բանկոմատի հետ:
Տեղի ԶԼՄ-ները նշում են, որ «Վալերոն» պատկանում է հայազգի Էդգար Արտենյանին: Արտենյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ինքը որևէ կապ չունի տեղի ունեցածի հետ և համագործակցում է ոստիկանության հետ: Նա նաև նշել է, որ Բոլդուին պողոտայում գտնվող տարածքն ինքը Յակիմենկոյին վաճառել է 2010 թվականի փետրվարին:
Սյերա Մադրեի ոստիկանապետը լրագրողներին հայտնել է նաև, որ իրենք օգնության խնդրանքով դիմել են Գլենդեյլի ոստիկանությանը:
«Գլենդեյլը Կալիֆորնիայի ֆինանսական հանցագործությունների մայրաքաղաքն է, և տեղի ոստիկանության փորձագետները մեծ փորձ ունեն նման հանցագործությունների բացահայտման գործում», – նշել է Դիասը: