«Հայկական հանցագործ խմբավորման անդամ լինելու կասկածանքով Չեխիայում ամիսներ առաջ ձերբակալված, այնուհետև՝ անցած տարվա հոկտեմբերին ազատ արձակված Արսեն Կակոսյանը արտաքսվել է հայրենիք` Հայաստան», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում կատարելով Prague Daily Monitor պարբերականին։ Թերթին այս մասին հայտնել է Պրահայի քաղաքային դատարանի խոսնակ Մարտինա Լհոտակովան։
Ըստ մեղադրող կողմի` Անդրանիկ Սողոյանի գլխավորած խմբավորումը մեծ գումար է պահանջել մի հայ գործարարից և երբ վերջինս պահանջը մերժել է` խմբավորումը քիլլեր է վարձել։ Վարձկան մարդասպանը նախ սխալմամբ հրազենով վիրավորել է մեկ ուրիշ հայի, ապա սխալմամբ սպանել գործի հետ բացարձակ կապ չունեցող մի չեխ վարորդի։
Մեղադրող կողմը չի ապացուցել ոչ Սողոյանի և ոչ էլ Կակոսյանի առնչությունն այդ հանցագործությանը։ Կակոսյանին մասնավորապես ներկայացրել էին ապօրինի զենք և կեղծ վարորդական իրավունք ունենալու մեղադրանք։
Բուն մարդասպանը` ծագումով ուկրաինացի Տիմուր Տրետյակովը, դատապարտվել է 22 տարվա ազատազրկման։