Այս կորուստ շատ մեծ կորուստ է, և միակ մխիթարող բանն այն է, որ ես հույս ունեմ, որ մեր ազգի արգանդը կշարունակի այդպիսի տաղանդներ ծնել, ինչպիսին Օհան Դուրյանն էր:
Հռչակավոր դիրիժոր Օհան Դուրյանի մասին խոսելիս` լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել դերասան Արմեն Էլբակյանը:
Այսօր ժամը 12:00-ից 14:00-ն Երևանի Օպերայի և Բալետի ակադեմիական թատրոնում հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտը տվեցին մեծանուն մաեստրոյին:
«Ամբողջ ժողովրդի, բոլոր արվեստասերների համար շատ ցավալի կորուստ էր: Շատ տխուր է, որ վերջին մոհիկանները գնում են: Օհան Դուրյանի էությունն իր էքստազն էր երաժշտության մեջ: Դուրյանը խելագար էր երաժշտության մեջ»,- ասել է ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը:
Դերասան Ազատ Գասպարյանն էլ Epress.am-ի հետ զրույցում ասել, որ մեծ երաժշտի կորուստն այսօր մեր բոլորի ցավն է.
«Այժմ ես չեմ մտածում նրա քաղաքացիական դիրքորոշման մասին, մենք կորցրինք աշխարհահռչակ երաժշտի»,- նշել է դերասանը:
Երգիչ Ռուբեն Մաթևոսյան, իր հերթին, ասել է.
«Դուրյանը մեկն էր, ով կարողացավ հայ դիրիժորական արվեստը ներկայացնել նաև Եվրոպայում: Դուրյանը միշտ էլ գնահատված է եղել, իհարկե, նա անհանդուրժողական խառնվածք ուներ, բայց դա չպետք է խառնել նրա երաժշտության հետ, դա այլ խնդիր է, բայց որ մեծություն էր` անվիճելի է: Եթե մեր մեծերի պանթեոնում է ամփոփվելու նրա մարմինը, ահա սա էլ նշանակում է, որ գնահատված է Օհան Դուրյանը», – ասել է Մաթևոսյանը:
«Օհան Դուրյանի ոգին է պաշտում հայ ժողովուրդը, ես հարգում էի նրա ոգին, ոչ միայն նրա տաղանդը, երաժշտությունը: Նրա քաղաքացիական դիրքորոշումը հենց իր անկրկնելի ոգին էր, որ նա բարձր էր պահում»,- մեզ հետ զրույցում ասել է ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի այրի Գրիզելդա Ղազարյանը:
Նա նշել է, սակայն, որ Օհան Դուրյանը գնահատված չի եղել Հայաստանում.
«Ով պիտի գնահատեր, էս չոբաննե՞րը: Նրանք միայն փողն են գնահատում»,- ասել է նա:
«Շատ ցավալի է, որ նա այլևս չի լինելու, չնայած որ, որպես օրենք, դիրիժորները շատ երկարակյաց են, նրանք շատ երկար տարիներ կարող են նույնիսկ նստած աշխատել, պատմության մեջ կան նման դեպքեր, մեծ ցավ է նրա կորուստը»,- նշել է դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:
ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Օհան Դուրյանին գնահատականը տալիս է ժողովուրդը.
«Գնահատականն այստեղ հավաքված հոծ բազմությունն էր, և այլ մեկնաբանություններ անել հարկավոր չէ: Այնպես, ինչպես մենք այսօր նրան հրաժեշտ ենք տալիս, դա միայն մեծ մարդուն է հարիր, ինչպիսին Օհան Դուրյանն է»: