Home / Հայաստան / Էրդողանը կարգադրել է վերացնել հայ-թուրքական բարեկամության արձանը

Էրդողանը կարգադրել է վերացնել հայ-թուրքական բարեկամության արձանը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է վերացնել Կարս քաղաքում կանգնեցված հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Ելույթ ունենալով Կարսում` Էրդողանը բնութագրել է հուշարձանը որպես «տգեղ» ստեղծագործություն: Նա կարգադրել է քաղաքապետին մինչև իր երկրորդ այցելությունը վերացնել հուշարձանը և դրա փոխարեն այգի հիմնել:

Վարչապետը հիմնավորել է իր որոշումը մշակութային գաղափարներով:
«Նրանք չափազանց տգեղ հուշարձան են կանգնեցրել, պարզապես հնարավոր չէ պատկերացնել, որ նման ստեղծագործությունը կարող է գոյություն ունենալ այլ արժեքավոր գործերի կողքին»,- նշել է Էրդողանը:

Իրականում Էրդողանի հայտարարությունը վկայում է այն մասին, որ իր որոշումը պայմանավորված է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված խնդիրներով, գրում է Wall Street Journal-ը:

Նման քայլերով Էրդողանը ցանկանում շահել ազգայնականների ձայները:

Էրդողանի որոշմանն անմիջապես արձագանքել է ընդդիմադիր Հանրապետական Ժողովրդական Կուսակցությունը (CHP):

«Հուշարձանը ոչ տարօրինակ է , ոչ էլ տգեղ»,- «Անադոլուի» հետ զրույցում նշել է կուսակցության անդամ, մշակույթի նախկին նախարար Էրքան Կարակասը: Նա որակել է հուշարձանը որպես բարձրարժեք արվեստի գործ և կոչ է արել Էրդողանին վերանայել իր որոշումը:

30 մետր բարձրություն ունեցող հուշարձանը կազմված է երկու`դեպի իրար ձգվող արձաններից, և 2008 թվականից կանգնեցված է Հայաստանի սահմանից ընդամենը 40 կմ հեռավորության վրա գտնվող Կարսի բլուրներից մեկի վրա: Հուշարձանը կանգնեցվել է Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուի հրամանով, ով Հայաստանի և Թուրքիայի մերձեցման ջատագովն էր: