Այն կուսակցությունը, որը չի ձգտում մեծամասնություն կազմել խորհրդարանում, վատ կուսակցություն է, սակայն նմանատիպ ցանկացած հայտարարության համար անհրաժեշտ են օբյեկտիվ պայմաններ, ասել է Հանրապետական Կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը`«Вестник Кавказа»-ին տված հարցազրույցում մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե իր կուսակցությունը մտադիր է նախագահական ընտրություններին իր թեկնածուին առաջադրել, եթե 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» 50 % և մեկ ձայն հավաքի:
«Եթե կուսակցությունների մեծ մասի դեպքում նման հայտարարությունները սահմանափակվում են միայն ձգտումներով, ապա 2007 և 2008 թվականներին նախագահական և խորհրդարանական ընտրություններում գրանցված մեր վստահ հաղթանակներն իրական փաստեր են: Ներկայումս, բացի Հանրապետական Կուսակցությունից, ես այլ ուժ չեմ տեսնում, որը կկարողանա ընտրազանգվածի ձայների բացարձակ մեծամասնությունը հավաքել, համապատասխանաբար նաև կառավարություն ձևավորել: Այս մասին վկայում են նաև այս թեմայով անցկացրած հարցումների և հետազոտությունների արդյունքները: Միևնույն ժամանակ, ես չեմ կարող մեկնաբանություններ անել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շանսերի առնչությամբ, քանի որ յուրաքանչյուր կուսակցություն իր եզրակացություններն անելու իրավունք ունի»,- հայտարարել է Շարմազանովը: