Արդյո՞ք Հայաստանում կփորձեն սահմանափակել ինտերնետային հեռարձակումը: Այս թեմայով օրաթերթը զրուցել է Երևանի մամուլիակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը դեռ 2009-ի նոյեմբերին «Առավոտի» դիտարկմանը, թե հեռուստատեսային հեռարձակման արտոնագիրը տրամադրվում է կոնկրետ կապուղու համար և չի կարող վերաբերել հեռարձակման ընդհանրապես բոլոր այլ ձևերին`այսպես էր արձագանքել. «Հեռուստահեռարձակումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես գործունեության ձև, և ըստ էության` հեռուստահեռարձակող համարվում են օրենսդրությամբ արտոնագրված ընկերությունները»: Ըստ նրա դիրքորոշման` իրական ժամանակում հեռարձակումները` անգամ բջջային հեռուստատեսությամբ կամ համացանցով, պետք է իրականացվեն միայն արտոնագրի առկայության դեպքում:
Սա հաշվի առնելով` Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք մտավախություն չունի՞, որ այժմ` մրցութային գործընթացի ավարտից հետո, կարող է փորձ արվել խոչընդոտել նաև համացանցային հեռարձակումը: «Կարող ենք սպասել, որ այդպիսի քայլ լինի, – պատասխանել է Նավասարդյանը: -Մանավանդ որ` ինտերնետը զարգանում է, և ավելանում է ինտերնետով հեռարձակում իրականացնելու և քաղաքացիների կողմից այն դիտելու հնարավորությունը: Մոտենում է ընտրությունների հերթական փուլը, և պարզ է, որ այս պայմաններում կարելի է սպասել այդպիսի փորձերի: Եվ հենց այդ պատճառով շատ կարևոր է` ինչքան հնարավոր է արագ հստակեցնել Հայաստանի օրենսդրությունը: Դրա համար կա լուծում` ցանկացած հեռարձակում, այդ թվում` ինտերնետային, պիտի թույլատրվի արտոնագրման պարզ ընթացակարգով: Ես կողմնակից եմ, որ այդ կարգի հեռարձակումն ընդհանրապես չդառնա արտոնագրման առարկա»: