Եհովայի վկաները տիպաբանական նմանություն ունեն գայլերի հետ, քանի որ գայլերը զոհին փնտրելու համար խմբերով` ոհմակներով են դուրս գալիս որսի, ինչպես և անում են Եհովայի վկաները` խմբերով կամ զույգերով թակելով մարդկանց դռները, փողոցներում կանգնեցնելով մարդկանց, իրականացնում որս` հոգևոր առումով:
Epress.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր հեղինակային «Տեսանկյուն» հաղորդաշարի ժամանակ Եհովայի վկաների հասցեին արված «աղանդավորների ոհմակ» արտահայտությունը, այսպես է ասել լրագրող, քաղաքական վերլուծաբան Գևորգ Ալթունյանը:
«Դա իմ հեղինակային հաղորդումն է, որի ընթացքում իմ կողմից հնչեցրած արտահայտությունը որևէ կերպ չի հակասում ՀՀ Սահմանադրությանը: Ավելին, այդ նրանք են ՀՀ օրենքը խախտում` հակասահմանադրական գործունեություն ծավալելով Հայաստանի տարածքում»,- մեզ հետ զրույցում ասել է Ալթունյանը` պատասխանելով մեր հարցին, թե արդյոք լրագրողի մեկնաբանությունը չի հակասում ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածին, համաձայն որի «յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք»:
Ալթունյանը նշել է, որ համաձայն ՀՀ օրենքի` միայն Հայ Առաքելական Եկեղեցին իրավունք ունի լայնածավալ քարոզչություն իրականացնել, իսկ մյուս գրանցված կրոնական կազմակերպությունները պետք է իրենց քարոզչությունն անեն իրենց տարածքներում` գրասենյակներում:
«Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչու նրանք դատական հայց չեն ներկայացնում սկզբնաղբյուրի դեմ: Բոլորս էլ գիտենք, որ 2010 թվականի նոյեմբերի 8-ին Սևանում տեղի ունեցած սպանությանը բազմաթիվ լրատվամիջոցներ արձագանքել էին, մի քանիսն էլ նույնիսկ սեփական հետաքննությունն էին անցկացրել, և պարզել, որ իր ծնողներին խոշտանգելով սպանած Արման Խաչիկի Թորոսյանը Եհովայի վկա է»,- ասել է Ալթունյանը:
Նշենք, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը և մի շարք այլ քաղաքացիներ դատական հայց են ներկայացրել ընդդեմ Գևորգ Ալթունյանի, և պահանջում պատասխանող հեռուստաընկերությանը պարտավորեցնել անհապաղ հերքել հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող` «Տեսանկյուն» հաղորդաշարի ընթացքում տարածված այն հաղորդագրությունը, թե իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանը Եհովայի վկա է: Նաև խնդրել են պարտավորեցնել «անհապաղ ներողություն խնդրել` վերոհիշյալ սուտ տեղեկությունը տարածելու համար»: