Ղազաղստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունների երկարաձգման համար անցկացվելիք հանրաքվեի գաղափարը պաշտպանել են արդեն ավելի քան 5 մլն ղազախստանցիներ: Այս մասին այսօր հայտնել է հանրաքվեն նախաձեռնած խմբի նախագահ Յերլան Սիդիկովը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը :
«Ղազախստանի 5 մլն քաղաքացիների ստորագրությամբ ցուցակները մենք հանձնել ենք Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով: Դա ավելին է, քան հանրապետության ընտրազանգվածի կեսը: Մեր նախաձեռնությունը մեծ աջակցություն է ստացել երկրի տարբեր տարածաշրջաններում և բնակչության տարբեր խավերում»,- նշել է Սիդիկովը:
Ղազախստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը դեկտմեբրի 27-ին գրանցել էր հանրաքվեն նախաձեռնող խմբի դիմումը, որի համաձայն Նազարբաևի լիազորությունները պետք է երկարաձգել մինչև 2020 թվականը: Օրենսդրության համաձայն` գաղափարի նախաձեռնողներին անհրաժեշտ էր հավաքել բնակչության ոչ պակաս քան 200 հազար ստորագրություն`յուրաքանչյուր տարածաշրջանում 12,5 հազար: