Ճանապարհային ոստիկանությունը 2010 թվականին «ցանկալի արդյունքներ է» արձանագրել Ճանապարհային ոստիկանությունը 2010 թվականը ամփոփել է բոլորի համար ցանկալի արդյունքներով. տարվա ընթացքում պետական հաշվառման է վերցվել 1974 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 293 մարդ, վիրավորվել` 2671 մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Նրա խոսքերով` 2009 տարվա համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նվազել է 28-ով, զոհերի թիվը` 32-ով, վիրավորների թիվը` 82-ով:
«2009 թվականին կատարված աշխատանքի արդյունքում կարողացանք կանգնեցնել 2008 թվականին արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի աճի տենդենցը: 2009 և 2010 թվականների ընթացքում Հայաստանում զոհվել է 196 մարդ պակաս, քան 2008 թվականին», – տեղեկացրել է Նորիկ Սարգսյանը:
Նշենք, որ տոնական տասը օրերի ընթացքում գրանցվել է 61 ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել` 11: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պատահարների քանակը նվազել է 6-ով, զոհերի թիվը` 4-ով, իսկ վիրավորների թիվն աճել է 7-ով: Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետն ասել է նաև, որ վրաերթի հետևանքով զոհված հետիոտների թիվը 2010 թվականի համեմատ նվազել է 10-ով: «2010 թվականին հետիոտնի նկատմամբ 22 824 արձանագրություն է կազմվել նախորդ տարվա 6 876-ի փոխարեն: Սրան պետք է վերագրել տասը պակաս զոհերը», – ընդգծել է Սարգսյանը:
Անցած տարվա ընթացքում 110 426 վարորդ է հայտնաբերվել առանց ամրագոտու ղեկին գտնվելու համար, ասել է ոստիկանության գնդապետը: Իսկ ընդհանուր առմամբ ամբողջ տարվա ընթացքում 728 644 բոլոր տեսակի խախտումներ են արձանագրվել, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 53 հազարով: Միջին հաշվով Հայաստանում շահագործվող յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ առնվազն երեք արձանագրություն է կազմվել: Կազմված արձանագրութուններով պետբյուջե է փոխանցվել մոտ 2 միլիարդ 700 միլիոն դրամ, եզրափակել է Նորիկ Սարգսյանը: