Առայժմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական պետական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար է պետի առաջին փոխտնօրեն Արա Հարությունյանը, գրում է օրաթերթը:
Հիշեցնենք, որ ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը դեկտեմբերի 17-ին ազատվել էր աշխատանքից բացահայտված չարաշահումների պատճառով: Հիմնական չարաշահումն այն էր, որ վաղուց մահացած մարդկանց թոշակները` ամսական մոտ 4 մլն դոլար, յուրացվել էին: Մեզ ոչ մի կերպ չհաջողվեց ստույգ տվյալներ հայթայթել, թե ով է լինելու սոցիալական պետական ծառայության հաջորդ պետը: Սակայն հավաստի տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանը մտմտում է այդ պաշտոնը ՕԵԿ-ին տալու որոշման մասին` կուսակցությանն ավելի մեծ կշիռ տալու համար, ինչին ոչ մի կերպ չի համաձայնում ՀՀԿ-ն: Պատճառներից առաջինն այն է, որ սոցիալական պետական ծառայության պետի պաշտոնը խիստ շահութաբեր է: Իշխանական կուսակցությունները պայքարում են սոցիալական պետական ծառայության պետի աթոռի համար նաև մեկ այլ` ոչ պակաս կարևոր պատճառով . այդ աթոռի տերն է որոշում` ընտրությունների ժամանակ որ կուսակցության օգտին են «քվեարկելու» «մեռած հոգիները»: