Հայաստանում դավանանքի ազատությունը հիմնականում հարգված է, թեև Հայ Առաքելական եկեղեցին որոշակի արտոնություններ ունի, իսկ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները երբեմն խտրականության խնդրի առջև են կանգնում: Այս մասին ասված է Freedom House միջազգային կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2010» զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածում:
2009թ. վերջի դրությամբ 76 Եհովայի վկաներ եղել են բանտարկված, քանի որ հրաժարվել են ծառայել հայկական բանակում:
Ըստ զեկույցի` Հայաստանի կառավարությունը հիմնականում չի սահմանափակում ակադեմիական ազատությունները: Նշվում է, որ հանրակրթական դպրոցներում պարտադիր ուսուցանվում է Եկեղեցու պատմությունը, ինչպես նաև ցուցադրված են երկրի նախագահի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի նկարները:
Ինչ վերաբերում է քաղաքական ազատություններին, ապա Freedom House-ը նշում է, որ Հայաստանի կառավարությունը սահմանափակում է հավաքներ անցկացնելու ազատությունը: 2009թ. ընթացքում քաղաքապետարանը հիմնականում մերժել է ընդդիմության` հավաքներ անցկացնելու մասին հայտերը: Իսկ հանրահավաքների օրերին դեպի քաղաք տանող ճանապարհներն արգելափակվում էին: Ոստիկանությունը շարունակում է բռնություն կիրառել հանրահավաքների մասնակիցների հանդեպ:
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի դատական համակարգին, որը, ըստ զեկուցի հեղինակների, գտնվում է գործադիր իշխանության ճնշման տակ և աչքի է ընկնում կաշառակերության դեպքերով: Ոստիկանությունն առանց ծանուցման ձերբակալություններ է իրականացնում, ձերբակալման կամ հարցաքննության ընթացքում դիմում ծեծի ու բռնության: Բանտերում իրավիճակը նույնպես խղճուկ է:
Երկրում փոքրամասնությունների ներկայացուցիչները հազվադեպ են տեղյակ պահում խտրականության դեպքերի մասին, սակայն բողոքում են, որ հնարավորություն չունեն կրթություն ստանալ իրենց մայրենի լեզվով: Եզդիների համայնքի ներկայացուցիչները երբեմն հայտնել են ոստիկանության կամ տեղական իշխանություների կողմից խտրականության դրսևորման դեպքերի մասին:
Նշենք, որ Հայաստանն այս տարվա զեկույցում դասվել է մասնակի ազատ երկրների շարքին: