Այսօր Ռոբերտ Արզումանյանը միացել է լեհական «Սիլեզիա» ակումբին: Հայ ֆուտբոլիստը, որը ներկայումս համարվում է դանիական «Ռանդերսի» պաշտպան, փորձաշրջան կանցնի Վրոցլավի թիմում, որը լեհերն անվանում են «Շլյոնսկ»: Այս մասին հաղորդում է armfootball.com-ը և ներկայացնում է լեհ լրագրողների հարցազրույցը Արզումանյանի հետ:
– Այսօր դու փորձաշրջան ես անցնում լեհական թիմի կազմում, ինչպե՞ս պատահեց, որ դու հայտնվեցիր Վրոցլավում:
– Այդ առաջարկն ինձ արել է իմ գործակալը, որն ինձ ուղղակի տեղեկացրեց, որ կարող եմ ուժերս փորձել լեհական առաջնությունում: Ես հանձն առա ընդունել նրա առաջարկը և ուժերս փորձել այստեղ. մինչ այստեղ գալս ես արդեն որոշ բաներ կարդացել եմ Վրոցլավ քաղաքը ներկայացնող «Սիլեզիայի» մասին:
– «Սիլեզիան» միա՞կ ակումբն է, որը քեզնով հետաքրքրվում է:
– Ոչ, կային մի քանի այլ տարբերակներ, բայց ես նախապատվությունը տվեցի հենց այս ակումբին: Հուսով եմ ես հաջող քննություն կբռնեմ և կմնամ Վրոցլավում:
– Ո՞ր դիրքում ես հանդես գալիս:
– Ես տիպիկ կենտրոնական պաշտպան եմ: Իհարկե կարիերայիս ընթացքում եղել են դեպքեր, երբ հանդես եմ եկել այլ դիրքերում, բայց դրանք միայն որոշ խաղերում:
– Որո՞նք են քո առավելությունները:
– Ես արագաշարժ եմ, տեխնիկապես լավ եմ պատրաստված, հաջող եմ խաղում երկրորդ հարկում:
– Այսօր դու առաջին անգամ մասնակցեցիր մարզմանը, ի՞նչ տպավորություն ստացար:
– Առավոտյան մենք մարզվեցինք մարզադահլիճում: Դրանք իհարկե զուտ ֆուտբոլային մարզումներ չէին, այլ ընդհանուր վարժություններ կատարեցինք, դրանք իհարկե մի փոքր տարբերվում են դանիական մարզումային մեթոդներից: Ուրբաթ օրը մենք արդեն մարզում կանցկացնենք արդեն խաղադաշտում, որտեղ ես կցուցադրեմ իմ հնարավորություները:
– Շաբաթ օրը ձեզ լուրջ փորձություն է սպասվում, թիմը պետք է խաղա Ekstraklasa-ի (այդպես է կոչվում լեհական բարձրագույն խումբը) թիմերից մեկի հետ, պատրա՞ստ եք այդ հանդիպմանը:
– Իհարկե, ճիշտ է ես այժմ իմ լավագույն մարզավիճակում չեմ գտնվում, բայց ո՞վ է այս ժամանակաշրջանում լավագույն մարզավիճակում… Լեհաստանում արդեն սկսվել են մարզումները և ես անպայման կլրացնեմ այդ բացը: Ես հուսով եմ, որ մարզիչները կհավանեն իմ խաղը և կընդգրկեն ինձ թիմի կազմում:
– Իսկ ի՞նչն էր պատճառը, որ դու հանդես չէիր գալիս «Ռանդերսի» հիմնական կազմում, ի՞նչ էր պատահել:
– Ցավոք, ամբողջ անցած մրցաշրջանը ինձ համար վատ դասավորվեց: Ես այդպես էլ չհասկացա հիմնական խնդիրը ինչում էր կայանում: Ես հուսով եմ, որ այդ խնդիրներն արդեն անցյալում են մնացել, և ես դեռ հնարավորություն կունենամ խաղալու:
– Դու նաև հանդիսանում ես նաև Հայաստանի հավաքականի անդամ…
– Այո իհարկե, ես միշտ կանոնավոր կերպով հանդես եմ գալիս մեր հավաքականի կազմում: Մասնակցել եմ թիմի վերջին վեց տարիների ընթացքում կայացած բոլոր խաղերին: Ընդհանուր առմամբ հավաքականի կազմում խաղադաշտ եմ դուրս եկել 47 անգամ և խփել եմ 4 գնդակ` մասնավորապես Իսպանիայի և Պորտուգալիայի թիմերի դարպասները: Դրանք իրոք հիշարժան խաղեր էին: