Ղազախստանի «Ատիրաու» ֆուտբոլային ակումբի նոր մարզիչ Ռամիզ Մամեդովը հայտարարել է, որ չի պատրաստվում աշխատել մի կոլեկտիվում, որտեղ հայեր կան: Մարզչի հայտարարությունը վրդովմունք է առաջացրել թիմի երկրպագուների մոտ:
Նշենք, որ «Ատիրաու»-ի կողմից հանդես էր գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանը:
Azerifootball.com-ին տված հարցազրույցում ադրբեջանցի մարզիչն ասել է. «Որքանով որ ես տեղյակ եմ, Ղարաբաղյանն այլևս «Ատիրաու» թիմի կազմում հանդես չի գալիս: Սակայն, եթե դա այդպես չէ, ես ստիպված կլինեմ խոսել ակումբի ղեկավարության հետ: Եթե ես աշխատում եմ «Ատիրաույում», այդտեղ հայ չպիտի լինի»:
Այս հայտարարությանն անմիջապես արձագանքել են ակումբի երկրպագուները.
«Մենք` «Ատիրաու» ակումբի երկրպագուներս, Մամեդովին տեղեկացնում ենք, որ Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ բնակվում են ավելի քան 100 ազգերի ներկայացուցիչներ, որոնք կողք կողքի ապրում են խաղաղության, բարեկամության և համաձայանության մթնոլորտում:
Մեր թիմում կողք կողքի միշտ խաղացել են ռուսներ, ադրբեջանցիներ, չեչեններ, ուկրաինացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ: Իսկ ֆուտբոլային ակումբին մարզադաշտում երկրպագում են կրկին ազգային տարբեր պատկանելություն ունեցող մարդիկ:
Եթե դուք ազգային պատկանելությամբ եք ընտրում ֆուտբոլիստներին, դա խոսում է Ձեր մարդկային որակների մասին: Ղարաբաղցյանի մասին այդպիսի հայտարարություն անելը պարզապես անթույլատրելի է: Մեզ չեն վերաբերում ձեր ղարաբաղյան խնդիրները, ձեր խնդիրները ձեզ պահեք և թողեք Ադրբեջանում: Դուք արդեն Ղազախստանում եք: Այստեղ ազգայնամոլության համար տեղ չկա: Մեր երկրում և մեր քաղաքում անընդունելի է նման վերաբերմունքը:
Անգամ չսկսելով ակուբի մարզիչի Ձեր գործունեությունը` արդեն աջ ու ձախ նման ազգայնական հայտարարություններ եք անում: Դուք արդեն կորցրել եք երկրպագուների հարգանքը ձեր նացիստական հայացքների պատճառով»: