Վերջերս Լեռնային Ղարաբաղ այցելած և արդյունքում Ադրբեջանում «պերսոնա նոն գրատա» հայտարարված Եվրոպական Խորհրդարանի լեհաստանցի պատգամավոր Թոմաշ Պորեմբան գտնում է, որ զեկուցման լիարժեքության համար նրան անհրաժեշտ էր Ստեփանակերտ այցելել:
«Որպես Եվրոպական Խորհրդարանի զեկուցող` ես պետք է զեկույց գրեմ Հայաստանի վերաբերյալ: Առանց Ղարաբաղ այցելելու զեկույցս օբյեկտիվ չէր ստացվի: Հուսով եմ, որ ինձ կհաջողվի հանդիպել նաև Ադրբեջանի իշխանությունների հետ` նրանց տեսակետներին ծանոթանալու համար»,- Rzeczpospolita պարբերականին տված հարցազրույցում ասել է պատգամավորը: Նա նաև նշել է, որ իր այցելությունը ոչ պաշտոնական բնույթ էր կրում, հաղորդում է Regnum-ը:
Ադրբեջանի իշխանություններին հանգստացնելու համար Բաքվում Լեհաստանի դեսպանատունը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշել է, որ, միջազգային իրավունքի համաձայան, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է համարվում»: Ղարաբաղի ԱԳ նախարարը, ի պատասխան այս հայտարարության, բողոք է արտահայտել վերոնշյալ կարծիքի վերաբերյալ:
Փորձագետ Ադամ Բալցերը նշում է, որ այն բոլոր երկրները, որոնք հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, ընդունում են դրա տարածքային ամբողջականությունը: «Սակայն տարածքային ամբողջականության վերաբերյալ վեճերում լեհական կողմին քաղաքական հոտառություն է պակասում»,- նշել է նա:
«Մեր պաշտոնյաները պետք է սովորեն հակամարտող կողմերից որևէ մեկին պաշտպանելու մեղադրանքների համար առիթ չստեղծել: Հայաստանի և Ադրբեջանի միջև պայքարում մենք կարող էինք հաջող միջնորդի դեր ստանձնել, քանի որ երկու կողմերի հետ էլ լավ հարաբերություններ ունենք: Դա այնքան էլ հաճախ հանդիպող երևույթ չէ: Չի կարելի փչացնել դրանք»,- հայտարարել է փորձագետը: