Հայ ազգային կոնգրեսն այսօր Դատախազության առջև անցկացրեց այս տարվա առաջին բողոքի ակցիան:
Քաղբանտարկյալների կանայք այսօր թվով 136-րդ նամակը հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազին` պահանջելով ազատել անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներին:
Ակցիային մասնակցում էին Կոնգրեսի ներկայացուցիչները, նախկին քաղբանտարկյալները և ՀԱԿ-ի ակտիվիստները: Քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանի կինը` Գարունիկ Սողոմոնյանը, Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ եթե իրենք արդյունքի հասնելու հույս չունենային, ապա պայքարն այսքան երկար չեր տևի:
«Եթե սկսել ենք, ուրեմն ավարտին պիտի հասցնենք պարտադիր: Պայքարողը կհասնի իր նպատակին ու երբեք հետ չի կանգնի, պատահական մարդիկ, իհարկե, հետ կկանգնեն: Իսկական պայքարողը երբեք հետ չի կանգնում»,- ասել է Սողոմոնյանը:
Նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանի կնոջ` Մելիսա Բրաունի խոսքով` իրենց պայքարն արդյունք տալիս է, քանի որ քաղբանտարկյալների թիվը 50-ից հասել է 9-ի:
«Ինը հոգին էլ շատ է, դրա համար պիտի պայքարենք, որ բոլորը դուրս գան: Իսկ արդյուքնը կապված է ժողովրդի կամքի հետ: Շարժման կորիզը չի կոտրվում»,- հայտարարել է Մելիսա Բրաունը: