Թուրքիան բավական անկեղծ է և երբեք չի հրաժարվել նախապայմաններից հայ-թուրքական հարաբերություններում: Այնպես որ, այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան վերադարձել է նախապայմանների լեզվին, ուշացած է, epress.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգության» ԱԺ խմբակցության նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
«Միգուցե ճշմարիտ դիտարկում է մեր արտգործնախարարի ասածը, բայց ուշացած է»,- ասել է Սաֆարյանը:
Նա նշել է, որ այլ խնդիր է, երբ մեր իշխանությունները փորձում են չտեսնելու տալ Թուրքիայի արած պաշտոնական հստակ հայտարարությունները:
«Թուրքիան երբեք էլ չի ցանկացել հայ-թուրքական հարաբերությունների իրական բարելավում, նրան պետք էր միայն գործընթաց, և ստացավ դա»,- մանրամասնել է Սաֆարյանը:
Ըստ նրա` Թուրքիային ձեռնտու էր Հայաստանի կողմից Արձանագրությունների սառեցումը, քանի որ նրանք ցանկանում են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները պահել, այսպես կոչված, «բանակցությունների սեյֆում»:
«Իսկ հայաստանյան իշխանությունները` նախքան երկիրը ներքաշելը նման գործընթացի մեջ, պետք է նկատեին և ամրագրեին Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունում առկա նախապայմանները: Այժմ մնում է միայն, որ Հայաստանն ուղղակի դեն շպրտի հայ-թուրքական արձանագրությունները»,- ասել է Սաֆարյանը: