Ֆրանսիական Լանժեակ քաղաքում հունվարի 10-ին ոստիկանները ձերբակալել և բանտ են ուղարկել 6-ամյա Վազգեն Ասրիյանին: Այս քայլը ցնցել է քաղաքի բնակիչներին, գրում է Paris-Match-ը:
Քաղաքացիական հագուստով ժանդարմները, ձերբակալելով տղային տարրական դասարանում, տեղափոխել են նրան Նիմ քաղաքի կալանավայր: Այնտեղ էր արդեն նրա հայրը`Դավիթ Ասրիյանը, ով նախկին հինգշաբթի ձերբակալվել էր բենզինի գողության կասկածանքով: Ազգությամբ հայ Դավիթը սկզբում փախել էր Ռուսաստան, այնուհետև մեկնել Ֆրանսիա` «քաղաքական հետապնդումների» պատճառով: Աշնանը Ֆրանսիան հրաժարվել էր նրան քաղաքական ապաստարան տրամադրել, և նա պետք է լքեր երկիրը:
La Montagne պարբերականի էջերին տեղական ֆուտբոլային ակումբի ղեկավարը հայտարարել է. «Արդեն երեք տարի է, ինչ նա փորձում է քաղաքական փախստականի կարգավիճակ ստանալ: Նա մասնակցում էր հակապուտինյան և կասպարովամետ ցույցին: Իրավապահ մարմինները սպառնացել էին նրան և խլել էին փաստաթղթերը»:
Նիմ քաղաքի դատավորը հաստատել է, որ Դավիթն ու իր որդին 15-օրյա կալանքի տակ են գտնվում: Քաղաքի բնակիչները ցնցված են: Մի կին հայտարարել է, որ պարզապես անթույլատրելի է «նման կերպ վարվել երեխայի հետ մեր հանրապետությունում»` նշելով, որ երեխայի հայրը լիարժեք մասնակցություն ուներ համայնքի հասարակական կյանքում:
Անմեղ երեխայի ձերբակալումից վրդովված քաղաքացիները բողոքի ցույց են կազմակերպել դպրոցի դիմաց:
Դավիթ Ասրիյանը Ֆրանսիա ժամանելուց առաջ խաղացել է Ռուսաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում: Նա կտրականապես հրաժարվում է վերադառնալ Հայաստան, իսկ Ռուսաստանում նա քաղաքական բնույթի խնդիրներ ունի: Բացի դրանից, Ասրիյանն արդեն 6 տարի ապրում է Ֆրանսիայում: Նրա խոսքով`Ռուսաստանում ոստիկաններն ու սափրագլուխները հանգիստ չէին տալիս իրեն: