Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հանձնարարել է, որ համապատասխան ծառայությունները ստուգեն, թե արդյոք համապատասխանում է իրականությանը «Ասպարեզ» ակումբի կողմից արված դիտարկման արդյունքում Հանրային Հեռուստաընկերությունում գրանցված խախտումները:
«Ասեմ, որ Հանրային հեռուստատեսությամբ դեկտեմբերի 31-ին երեկոյան ժամը 9-ից մինչև գիշերը ժամը 2-ը ընդամենը չորս գովազդի բլոկ կար` 3-4 րոպե տևողությամբ: Մենք որոշել էինք եթերում անչափ քիչ գովազդ տեղադրել, որպեսզի գոնե Նոր տարվա օրերին ժողովուրդը մի քիչ հանգստանա»,- ասել է Հարությունյանը:
Նա նշել է, որ եթե պարզվի, որ «Ասպարեզ»-ի հրապարակած փաստերը համապատասխանեն իրականությանը, ապա համապատասխան միջոցառումներ կկիրառվեն:
«Ես հանձնարարել եմ մեր մասնագետներին պարզել, թե ինչպես է ստացվել, որ նման խախտում է եղել, նրանք մոնիտորինգ են անում: Բայց ամեն դեպքում, եթե նկատել եք, էլի նույնիսկ այդ ուսումնասիրության մեջ համեմատաբար լավ վիճակում Հանրային Հեռւստատեսությունն է»,- հավելել է բանախոսը:
Հիշեցնենք, որ «Ասպարեզ» ակումբը հունվարի 10-ին և 14-ին նամակներ է ուղարկել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավար Գրիգոր Ամալյանին` նշելով, որ, մասնավորապես, դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին օրվա հաղորդումների ընդհանուր հաշվարկով խախտվել է ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով սահմանված` գովազդային ծավալի առավելագույն 7 տոկոսը չափը: