«Էկոլուր» հասարակական կազմակերպությունը, Էկոլոգիական-հասարակական դաշինքը և «էկոդար» հասարակական կազմակերպությունը նամակ են հղելու Կանադայի վարչապետին և Եվրոպական Վերակառուցման և Զարգացման բանկին, որպեսզի նրանք կասեցնեն Հայաստանի Կապան քաղաքում ոսկու բազմամետաղային հանքի բաց եղանակով շահագործումը, որի հետևանքով նախատեսվում է հատել 50.000 ծառ: Բնապահպանների խոսոքով` հանքի շահագործումն աղետալի հետևանքներ է ունենալու այդ տարածքի և շրջակա միջավայրի բնակիչների առողջության և բարօրության համար:
Նշենք, որ կանադական «Դանդի Փրեշըզ Մեթալ» կազմակերպության ենթաճյուղ հանդիսացող «Դենո Գոլդ Մայնինգ» ընկերությունը նախագիծ է ներկայացրել ՀՀ Կառավարությանը` համաձայն որի իրենք պետք է իրականացնեն Կապանի Շահումյան թաղամասի ոսկու բազմամետաղային հանքի բաց եղանակով շահագործում: Եվրոպական Վերակառուցման և Զարգացման բանկը ֆինանսկան ներդրում է իրականացնելու հանքի շահագործման գործում:
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել են վերոնշյալ հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Նրանք ասել են, որ այժմ այդ նախագիծը գտնվում է քննարկման և հետազոտման փուլում:
«Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի նախագահ Ինգա Զարաֆյանը նշել է, որ քանի որ փորձը ցույց է տվել` մինչ նման նախագծերի` ՀՀ Կառավարության կողմից հաստատելը, արդեն իսկ բոլոր հարցերը լուծված են լինում, և հաստատումը ձևական բնույթ է կրում, այդ իսկ պատճառով իրենք որոշել են մինչ այդ բարձրաձայնել և կանխել աղետալի գործունեությունը:
«Մենք հարց ենք տալիս մեր կառավարությանը` արդյոք նրանք մտածում են միայն հանքեր շահագործելու մասին, չէ՞ որ պետք է նաև մտածեն մեր ժողովրդի առողջության, բարօրության մասին»,- ասել է Էկոլոգիական-հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:
«Էկոդար» հ/կ-ի նախագահ Հրայր Սավզյանն էլ նշել է, որ իրենք դեռևս Թեղուտի դեպքից հետո մտավախություն ունեին, որ այն վատ նախադեպ է լինելու այլ ծառապատ տարածքների հատման և ոչնչացման համար:
«Կապանի քաղաքապետի հնչեցրած թիվը, թե 7000 ծառ է հատվելու, չի համապատասխանում իրականությանը, քանի որ մեր կոլեգաները նշում են, որ այդ նախագծի համաձայն հատվելու է 50.000 ծառ»,- հավելել է Սավզյանը:
Վերջինս նաև ասել է, որ երբ իրենց ջանքերն անցնեն ապարդյուն և սկսվի հանքի բաց եղանակով շահագործումը և տարածքի ծառահատումը, շատ հնարավոր է, որ Երևանից և Կապանից բազմաթիվ ակտիվիստներ, բնապահպաններ հավաքվեն այնտեղ.
«Հնարավոր է, որ վրանային ճամբար կազմենք և ուղղակի ֆիզիկապես թույլ չտանք, որ այդ ծառերը հատվեն»,- հայտարարել է Հրայր Սավզյանը: