2011 թվականին «առանձին ուշադրության կետնրոնում» է գտնվելու հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործընթացը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ Աշոտյանի` հակակոռուպցիոն ծրագիրը հաստատվեց լայն հասարակական, քաղաքական և մասնագիտական քննարկումներից հետո. «Ծրագրով նախատեսված են բավական մեծ փոփոխություններ և աշխատանք 2011 թվականին»:
Մասնավորապես, ԿԳ նախարարը նշեց ընդունելության քննությունների վերացումը քոլեջներում և ուսումնարաններում` մշակելով ընդունելության նոր մեխանիզմներ, այն է` դպրոցական գնահատականների հիման վրա:
«Սկսվելու են աշխատանքներ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների բարեփոխման ուղղությամբ, որպեսզի 2012 թվականին մենք կարողանանք ներկայացնել հասարակությանը ընդունելության քննությունների նոր, ոչ վիճահարույց, սկանդալներից հեռու մեխանիզմներ», – տեղեկացրել է Արմեն Աշոտյանը:
Նախատեսվում է նաև պարզեցնել ուսանողների վերականգնման, բուհից և բուհ տեղափոխման և ուսանողական իրավունքներին առնչվող այլ բազմաթիվ կարգեր, որոնք, ըստ նախարարի, տարիներ շարունակ պարունակել են որոշակի կոռուպցիոն ռիսկեր:
«Ուսանողակենտրոն համակարգի կառուցելու ցանկությունը լինելու է նոր կարգերի հիմնական, կարմիր թելով անցնող գաղափարը», – եզրափակել է ԿԳ նախարարը: