«Հարավային Կովկասի պետությունները միավորվելու կարիք ունեն, պետք է մտածել տարածաշրջանի երեք պետությունների տնտեսական զարգացման և եվրոպական համակարգին արագ ինտեգրվելու մասին»,- ANS հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցը:
«Ես կարող եմ հայտարարել անգամ ողջ վրաց ժողովրդի անունից, որ մենք հույս ենք հայտնում և ակնկալում ենք ԵԱՀԿ ՄԽ-ի կամ մեկ այլ միջազգային կազմակերպության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության արագ կարգավորումը: Երկու կողմերին էլ հրավիրում ենք հարցի կարգավորման համար բանակցություններ սկսել, և, իհարկե, միշտ պատրաստ ենք միջնորդի դեր ստանձնել այդ հարցում:
Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասի երեք պետությունները ներգրավված լինեն փոխշահավետ ծրագրերում, որպեսզի Հարավային Կովկասը դառնա համակագործակցության և խաղաղության տարածք:
Անկեղծ ասած` երեք երկրներն էլ շատ ժամանակ են կորցրել, այժմ եկել է այն պահը, երբ մենք պետք է իրատես լինենք ու հասկանանք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների վրա»,- եզրափակել է Վաշաձեն: