«Առցանց ազատականների ալյանսի» (3Ա) ստեղծումը ողջունելի նախաձեռնություն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Ազրումանյանը:
Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսի և Քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի անդամ Կարապետ Ռուբինյանը նախորդ շաբաթ Facebook սոցիալական ցանցում հանդես էր եկել նոր նախաձեռնության ստեղծման առաջարկով, որի նպատակն է «միավորել Հայաստանի,Լեռնային Ղարաբաղի և Սփյուռքի ազատականներին»:
«Սա մի նախաձեռնություն է, որը փորձելու է վիրտուալ տարածքում օգտագործել այն ներուժը, որ կա ազատականների շրջանում` Հայաստանում, Սփյուռքում, ԼՂ-ում, ամբողջ աշխարհում, և միասին մտածել, թե ինչ քայլեր կարելի է անել` ապագայում Հայաստանում ազաատկանացմանն ուղղված: Սա ընդամենը այն կարևորագույն հոսանքներից է, որն այսօրվա Հայաստանի սպեկտրում սկսում է կորցնել իր ազդեցությունը: Այն ազդեցության վերականգնմանն ուղղված բան է, որը, եթե հաջողվի, միայն ու միայն ընդհանուր շարժմանը ընդդիմադիր մեծ ներուժ կհաղորդի», – ասել է Ալեքսանդր Արզումանյանը: