Հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում անցկացվող շախմատային գերմրցաշարի ընթացքում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը բացառապես արագ պարտիաներ է հեղինակում: Առաջին չորս տուրերի պարտիաներում նա առավելագույնը 28 քայլ է կատարել: Սակայն եթե մեկնարկային երեք տուրերում Արոնյանը ոչ-ոքիներ էր խաղում, իր չորրորդ պարտիայում հայաստանցի գրոսմայստերը փայլուն հաղթանակ տարավ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ: Սպիտակներով հանդես եկող Արոնյանին ընդամենը 26 քայլ պահանջեց մեկ միավոր վաստակելու համար:
Ընդհանրապես չորրորդ տուրը բավական արդյունավետ ստացվեց: Ֆրանսիացի Վաշյե-Լագրավը սևերով հաղթեց Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին, հնդկաստանցի գրոսմայստեր Վիշի Անանդը պարտության մատնեց չինացի Վան Հաոյին: Մյուս չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Այս տուրից հետո Արոնյանը բարելավեց իր տեղը մրցաշարային աղյուսակում: Այժմ նա Վաշյե-Լագրավի և Հոլանդիան ներկայացնող Գիրիի հետ բաժանում է 3-ից 5-րդ տեղերը: Երեքն էլ վաստակել են 2,5 միավոր: Առաջին և երկրորդ տեղերը կիսում են Վիշի Անանդն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան, ովքեր 3-ական միավոր են վաստակել:
Վաղը շախմատիստները հանգստանում են, իսկ հունվարի 20-ին Արոնյանը սևերով կմրցի ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:
Վեյկ-ան-Զեեի մրցաշարի B խմբում հանդես եկող ևս մեկ հայաստանցի Գաբրիել Սարգսյանն այսօր ոչ-ոքի խաղաց հոլանդացի Վուտեր Սպոլմանի հետ: Սարգսյանը վաստակել է 2,5 միավոր և բաժանում է 2-րդից 5-րդ տեղերը: