Հայ-թուրքական հարաբերությունները վաղուց էին մտել փակուղի, իսկ Կիպրոսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում նշված ձևակերպումն այն մասին, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը շանտաժի վրա հիմնված քաղաքականություն է, ևս մեկ անգամ հաստատեց դա:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման կարծիք է հայտնել Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Առաջին անգամ նման բարձր պաշտոնական մակարդակով ՀՀ ղեկավարն արել է շատ լուրջ և հստակ հայտարարություններ` ասելով, որ Թուրքիան վարում է շանտաժի քաղաքականություն»,- ասել է թուրքագետը:
Նա լիովին արդարացված է համարել Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, համաձայն որի հայկական կողմն առավել բարոյական և իրավական հիմքեր ուներ նախապայմաններ առաջ քաշելու:
«Կարծում եմ, որ բարդ և երկարատև գործընթացներ են լինելու, և շատ հնարավոր է, որ գա մի պահ, երբ Հայաստանը Հայոց Ցեղասպանության փաստը Թուրքիայի առաջ կներկայացնի որպես նախապայման»,- հայտարարել է Սաֆրաստյանը:
Բանախոսը բարձր է գնահատել Կիպրոսի և Հայաստանի միջև կնքված համատեղ Հռչակագիրը` կարևորելով այն փաստը, որ Կիպրոսը հանդիսանում է Եվրամիության անդամ:
«Այս դաշնագիրը դաշնակցային շատ բարձր մակարդակի մասին է վկայում, և այն կետը, որ երկու երկրները` Հայաստանը և Կիպրոսը, համատեղ ստորագրել են, այն է` ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մեջ պետք է ունենա պարտադիր ուժ, մեծ նշանակություն ունի»,- նշել է նա:
Ըստ Սաֆրաստյանի` հայկական դիվանագիտությունը պետք է աշխատի հենց այս ուղղությամբ, և այլ պետությունների հետ էլ հասնի նման համատեղ հռչակագրերի ստորագրման: