Ուղղափառ եկեղեցու և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վսեվոլոդ Չապլինն առաջարկել է «համառուսական դրես-կոդ մտցնել», որը կկանոնակարգի հասարակական վայրերում տղամարդկանց և կանանց արտաքին տեսքի հետ կապված նորմերը, բացառությամբ, իհարկե, «հասարակաց տների և ստրիպ-բարերի»: Նման առաջարկով նա հանդես է եկել հունվարի 18-ին հրապարակած բաց նամակում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Կարծում եմ` մենք կկարողանանք հասնել նրան, որ ոչ պարկեշտ հագնված կնոջը կամ տղմարդուն դուրս կբերեն պարկեշտ հաստատություններից»,- գրել է Չապլինը` չհստակեցնելով, թե կոնկրետ ինչպես պետք է հագնվեն ռուսաստանցիները:
2010 թվականի դեկտեմբերի վերջին ռուսական ԶԼՄ-ներում հայտնվել էր սարկավագ Չապլինի հայտարարությունն այն մասին, որ կիսաշրջազգեստները բռնաբարության են դրդում տղամարդկանց: Այնուհետև Չապլինը նշել էր, որ ոչ պարկեշտ հագնված և իրեն ազատ դրսևորող կինն ամեն դեպքում սխալ է, անկախ նրանից` բռնաբարել են իրեն, թե ոչ»:
«Եթե կինը աշխատավայրում հագնված է մարմնավաճառուհու նման, նրա գործընկեր կանայք պետք է իրավունք ունենան ասելու նրան այդ մասին»,- ավելացրել է սարկավագը:
Չապլինի այս խոսքերը, ինչպես նաև ուղղափառ եկեղեցու այլ ներկայացուցիչների նմանատիպ հայտարարությունները քննադատության են ենթարկվել համացանցում: Ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետ Կիրիլին առցանց-խնդրագիր է ներկայացվել, որտեղ նշվում է, որ ռուսաստանցիների արտաքին տեսքն իրենց անձնական գործն է:
Նամակի հեղինակները Հովվապետին խնդրում են եկեղեցու ներկայացուցիչներից պահանջել ներողություն հայցել «ժամանակակից հասարակության համար անընդունելի հայտարարությունների համար» և այսուհետ թույլ չտալ կանանց նկատմամբ խտրականության քարոզը: