Home / Հայաստան / Քաղբանտարկյալները Եվրոպայի Խորհրդից ակնկալիքներ չունեն

Քաղբանտարկյալները Եվրոպայի Խորհրդից ակնկալիքներ չունեն

Մոտ հիսուն նախկին քաղբանտարկյալներ այսօր Քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի կազմակերպած բողոքի ակցիային մասնակցելու համար Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից (Կորյուն փողոց) դեպի Հանրապետության հրապարակ եկան երթով:
Նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանը լրագորղների հետ զրույցում նշեց, որ ինքն այս պահին Հայաստանում գտնվող Թոմաս Համմարբերգին դիտարկում է ոչ միայն որպես ԵԽ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար, այլ նաև Եվրոպական ժողովրդավարական ինստիտուտների դեսպան:

«Մի կողմից, մեր` ազատության մեջ գտնվելը նրա ջանքերով է պայմանավորված, մյուս կողմից` արդեն տարի ու կես է` մենք ազատության մեջ ենք, սակայն մեր ընկերները դեռ գտնվում են բանտերում, և այդ տարի ու կեսում ոչ միայն ժողովրդավարական ինստիտուտները` հանձինս ԵԽԽՎ-ի` իր բանձևերով, այլ նաև Համմարբերգը, կարծես, թերացել են: Եվ սա բողոքի դրսևորում է առ այն, որ նա տեսնի, ընկալի, հասկանա և փոխանցի այնտեղ, որտեղ պետք է: Որովհետև մեր ճնշումն իշխանությունների վրա միջնորդավորված է և, կարծում եմ, իր նշանակությունը կունենա: Ամեն նման միջոցառում մի կաթիլ է ավելացնում ճնշման վրա»,- ասել է Դավիթ Մաթևոսյանը: Նախկին քաղբանտարկյալը չի կարծում, թե Համմարբերգի այցի հետ քաղբանտարկայլներին բաց կթողնեն, քանի որ, ըստ նրա, եթե ազատ արձակելու լինեին, մինչև հիմա կազատեին:

«Ինչ վերաբերում է գործող իշխանությունների ռեժիմին, նրանք յուրաքանչյուրին կպահեն այնքան, որքան կարող են: Նրանք կփորձեն  Համմարբերգին կերակրել այն միֆով, որ ազատ արձակելու իրավական միակ ձևը պայմանական վաղաժամկետն է: Դրա համար մի քանի հոգու ազատ արձակեցին որպես օրինակ և կփորձեն դրանով կերակրել»,- հավելել է Դավիթ Մաթևոսյանը:

Լրագրողների հետ զրուցեց նաև մեկ այլ նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ-ի Գյումրիի գրասենյակի ղեկավար Աշոտ Զաքարյանը: Նա մեծ ակնկալիքներ չունի ոչ միայն Համմարբերգից, այլ առհասարակ ցանկացած եվրոպական չինովնիկից:

«Նախկինում Համմարբերգը ունեցել է շատ ավելի հավասարակշռված զեկույցներ, հայտարարություններ` մարտի 1-ի ու քաղբանտարկայլների հետ կապված, այնուամենայնիվ, այդ ամեն ինչը հայտարարություններից այն կողմ, գործնական որևէ նշանակություն չի ունեցել: Կարծում եմ, որ եթե անգամ այս այցելությունից հետո շատ ավելի հավասարակշռված և շատ ավելի լուրջ հայտարարություն կամ զեկույց ունենա, միևնույն է, գործնակնում ես ինքս որևէ ակնկալիք չունեմ»,- ասել է Զաքարյանը:

Նա  համոզմունք է հայտնել, որ իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները:

«Իշխանություններն իրենք այս 3 տարիների ընթացքում և մեր հանրության հետ, և միջազգային հանրության հետ սակարկությունների մեջ էին, կոպիտ ասած` բազարների մեջ, ինչի արդյուքնում պարբերաբար զգալի մասին բաց թողեցին: Այսօր մեր 9 ընկերները դեռ այնտեղ են: Սակայն  մենք բոլորս հայտնվեցինք ազատության մեջ հատկապես շնորհիվ Համաժողովրդական շարժման»,- նշել է նախկին քաղբանտարկյալը: