2010 թվականին հայաստանյան իշխանությունները Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովին ներկայացրել են ընտրական օրենսգրքի փոփոխությունների մի տարբերակ, որի ձևավորմանն ընդդիմությունը չէր մասնակել: Իշխանությունների կողմից փորձ է արվել այն ներկայացնել որպես համատեղ առաջարկ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
«Մենք այդ փաստը հերքեցինք, և Դաշնակցություն կուսակցության հետ համատեղ Վենետիկի հանձնաժողովին ուղարկեցինք մեր դիտարկումները` ընտրական բարեփոխումների վերաբերյալ»,- ասել է Խուրշուդյանը:
Նա նշել է, որ իրենք, սակայն, դեռ չեն ստացել արձագանք Վենետիկի հանձնաժողովից իրենց ներկայացրած առաջարկների մասով: «Այնուհետև ձևավորվեց աշխատանքային խումբ, ընդ որում` երբ մենք ստացանք հրավերը այդ խմբի աշխատանքներին մասնակցելու, այնտեղ նշված էր` «հրավիրում ենք ձեզ շարունակելու ընտրական բարեփոխումների գործընթացը»: Մեզ համար պարզ չէր, թե որ աշխատանքերը մենք պետք է շարունակենք, եթե մինչ այդ մենք որևէ աշխատանքի չենք մասնակցել: Այսինքն, ըստ էության, մեզ առաջարկվում էր մասնակցել իշխանությունների կողմից արված լրամշակումների լրամշակման գործընթացին, որը մեզ համար անընդունելի է, երբ կա Ժառանգություն-Դաշնակցություն նախագիծը»,- ներկայացրել է Խուրշուդյանը:
Նա փաստել է, որ այդ ամբողջ գործընթացը չի պարունակում իր մեջ ընտրական օրենսգրքի իրական բարեփոխումների նախադրյալ` քաղաքական կամք: Խուրշուդյանը նշել է, որ խնդիրը շատ լուրջ է, և ՀՀ իշխանությունները պետք է ընտրեն` արդյոք ուզում են, որ հաջորդ ընտրությունները տեղի ունենան առճակատման, բախումնային սցենարով, թե ուզում են, որ լինեն նորմալ, ազատ, թափանցիկ ընտրություններ, որը և կապահովի հասարակության վստահությունը այդ ընտրությունների արդյունքների հանդեպ: «Դուք ինքներդ էլ տեսնում եք, թե որքան մեծ է այսօր լարվածությունը հանրապետության ներսում` թե սոցիալական, թե քաղաքական առումով:
Մեր դիտարկումները վերջին երկու ամիսների ընթացքում ցույց են տվել, որ այս լարվածությունն ավելի մեծ է, քան երբևէ եղել է»,- ասել է բանախոսը: Epress.am-ի այն հարցին, թե ինչ ելք կարող է ունենալ այս սոցիալ-քաղաքական լարվածությունը, և հնարավոր է արդյոք սոցիալական բունտ, Հովսեփ Խուրշուդյանն ասել է, որ իրենք չէին ցանկանա, որ ներկա զարգացումները բերեն բախումնային սցենարների` այն համարելով վատթարագույն տարբերակը երկրի համար: «Բայց դրա կանխելու միակ ձևն այսօր իշխանությունների ձեռքում է: Միայն իշխանությունները կարող են քաղաքական կամք դրսևորել և գնալ ընտրական օրենսգրքի էական բարեփոխումների, և հետագայում ցուցաբերել խոհեմ մոտեցում` նորմալ, արդար ընտրություններ անցկացնելու: Միգուցե դրա արդյունքում իշխանությունները զգալի տոկոսներ հավաքեն, մենք չգիտենք` ինչպիսի արդյուքներ կլինեն մեկ տարի հետո»,- ասել է Խուրշուդյանը: Նա նշել է նաև, որ այսօր իշխանությունների անխոհեմ սոցիալական և տնտեսական քաղաքականության նման շարունակությունը կարող է բերել անկառավարելի այնպիսի բունտերի, երբ նույնիսկ ընդդիմությունը չի կարողանա կառավարել դրանք:
«Մարդիկ, այդ զանգվածները կգտնեն նոր առաջնորդներ, փողոցից կհայտնվեն այդ առաջնորդները, և թե ինչպես նրանք կկառավարեն այդ պրոցեսները, և ինչ արդյունքեր կունենա այդ ամենը, ոչ ոք չգիտի: Դա ամենավտանգավոր սցենարներից մեկն է»,- եզրափակել է բանախոսը: