Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանը Քոչարյանից ավելի մեծ ազդեցություն ունի Հայաստանում. սոցհարցում

Տեր-Պետրոսյանը Քոչարյանից ավելի մեծ ազդեցություն ունի Հայաստանում. սոցհարցում

Մեր իշխանությունը կենտրոնացված է, հիմնականում ղեկավարության ձեռքն է, և ոչ ընդդիմությունը, ոչ էլ գործարար շրջանակները մեծ ազդեցություն չեն կարողանում ունենալ իրավիճակի վրա: Հետևաբար խնդիր կա ժողովրդավարության լայնացման և խորացման, և պետք է իշխանության բերել բոլոր այն ուժերին, որոնք կառուցողական դիրքորոշում ունեն և կարող են օգուտ բերել Հայաստանին:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման հայտարարություն է արել «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը` ներկայացնելով իր կենտրոնի կատարած սոցհարցումների արդյունքերը:

«Ստացվում է, որ երկրում հիմնական որոշումը կայացնում է նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը: Դա մի քիչ ժողովրդավարությանը վայել իրավիճակ չէ, որքանով էլ մենք հարգենք մեր նախագահին, մեր վարչապետին ու Ազգային Ժողովի նախագահին»,- ասել է սոցիոլոգը:

Նա մեկնաբանել է, որ նախկին խորհրդային երկրներում նույն իրավիճակն է, պարզապես այնտեղ իշխանության կոնցենտրացիան ավելի խիստ է:

Համաձայն Ադիբեկյանի սոցհարցումների` ՀՀ քաղաքացիները երկրում ամենաազդեցիկ են համարել Սերժ Սարգսյանին` 35%, այնուհետև Գագիկ Ծառուկյանին` 13%: Երրորդ տեղում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է` 8.5%:

«Լևոն Տեր- Պետրոսյանը, ով այս վերջին տարիներին Քոչարյանի` ասպարեզից դուրս գալուց հետո, մտել է հնգյակի մեջ, բավականին ազդեցություն ունի` 4%: Իսկ Ռոբերտ Քոչարյանը պահպանում է որոշակի ազդեցություն քաղաքական դաշտի վրա` 2.3%»,- ներկայացրել է Ադիբեկյանը:

Վերջինիս ղեկավարած կենտրոնի սոցհարցումները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ իշխանական շրջանակների ազդեցիկությունը ընդհանուրի մեջ 65% է, իսկ ընդդիմությանը` 8.3%:

«Հետևաբար` այն ընտրախավը, որը տատանվում ա, նա ձայնն ավելի շուտ կտա իշխանությանը: Դա կոչվում ա հաղթողների կուսակցություն, որը ոչ մի տեղ գրանցված չի, բայց այս խավն իր ձայնը միշտ տալիս ա հաղթողներին, քանի որ նա ուզում ա իրեն հաղթող զգալ»,- ասել է սոցիոլոգը:

Ըստ Ադիբեկյանի` ընդդիմությանն ավելի շատ են վստահում, բայց ազդեցիկ չեն համարում: Իշխանական շրջանականերին հարցվածների կեսից ավելին վստահում են:

«Ամենավստահելի դեմքը մնում ա նախագահը` 17%. ուրեմն  ամեն երրորդ քաղաքականությանը հետևող մեր քաղաքացին վստահում ա նախագահին»,- ասել է Ադիբեկյանը:

Նշենք, որ հարցումն անցկացվել է հոկտեմբեր ամսին, հարցմանը մասնակցել է 1650 մարդ երևանից և մարզերից: