Այսօր երեկոյան, ժամը 20.00-ին ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը հանդիպել է քաղբանտարկյալների հարազատների հետ: Հանդիպումը տևել է մոտ մեկ ու կես ժամ: Հանդիպմանը մասնակցել են Նիկոլ Փաշինյանի,Արամ Բարեղամյանի, Սարգիս Հացպանյանի կանայք, Սասուն Միքայելյանի քույրը, Հարություն Ուռուտյանի կինն ու որդին:
Epress.am-ի հետ զրույցում Արամ Բարեղամյանի կինը` Գարունիկ Սողոմոնյանը, ասել է, որ իրենք Համմարբերգին ներկայացրել են իրենց պահանջները, այն է՝ որքան հնարավոր է իրենց հարազատներին արագ ազատ արձակել:
Այն, ինչ քաղբանտարկյալների հարազատներն ասել են մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, նա խոստացել է ներկայացնել իր զեկույցում:
«Նա ասաց, որ մենք իրեն գերագնահատում ենք և ինքը ամենակարող չէ, իրենից ինչ հասնում է, նա խոստացել է կատարել: Նա նշեց, որ կներկայացնի զեկույցում, սակայն ամեն ինչ միայն իրենից կախված չէ: Մենք նաև նրան հիշեցրեցինք, որ ինքը ունի պարտավորություններ Հայաստանի հետ կապված, որոնք պիտի իրականացնի», – ասել է Գարունիկ Սողոմոնյանը:
Հարություն Ուռուտյանի որդու` Գալուստ Ուռուտյանի խոսքով՝ Համմարբերգը հանդիպման ժամանակ ասել է, որ եթե ժամանակը ների, ինքը կհանդիպի բոլոր քաղբանտարկյալների հետ: Նա նախապես ներողություն է խնդրել այն դեպքի համար, եթե չհասցնի բոլորին տեսնել:
«Ես և մյուս քաղբանտարկյալների հարազատները ներկայցրեցինք, թե ինչ բեմական սցենարով են պահում քաղբանտարկյալներին: Ես ներկայացրեցի, որ չորս ոստիկանի ցուցմունքի հիման վրա իմ հայրիկին դատապարտեցին յոթ տարվա ազատազրկման»,- ասել է Գալուստ Ուռուտյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրենք ունեն Համմարբերգից ակնկալիքներ՝ թե Բարեղամյանի կինը, թե Ուռուտյանի որդին պատասխանեցին, որ որոշակի հույսեր թեև ունեն, բայց, առաջին հերթին, հույսը իրենց պայքարն է ու պայքարող ժողովուրդը:
«Ազատ խոսքը պիտի հաղթի: Մենք ունենք Լևոն Տեր-Պետրոսյանի նման առաջնորդ, որի քաղաքական հեռատեսության շնորհիվ կգա այն օրը, որ ազատ խոսքը կհաղթի: Եվ թող հույս չունենան, թե մենք հույսներս կտրելու ենք, կամ կոտրվելու ենք: Ես ուզում եմ ավարտել իմ հայրիկի խոսքով, որ միշտ մեզ այնտեղից ուղղում է: Մենք չենք կոտրվելու ու հաղթելու ենք»,- ասել է Գալուստ Ուռուտյանը: