Գլխավոր / Հայաստան / Հեղափոխական իրավիճակը երկրում ստեղծել են բարձր դռան հետևում թաքնված պարոնայք

Հեղափոխական իրավիճակը երկրում ստեղծել են բարձր դռան հետևում թաքնված պարոնայք

Երկրի ապաշնորհ ղեկավարությունը տգետ և հանցագործ քաղաքականության հետևանքով քսան տարի շարունակ խաթարել է ազգի կենսաբանական անվտանգությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

«Իսկ ազգի կենսաբանական անվտանգությունն ավելի բարձր կատեգորիա է պատմական օրենքների և օրինաչափությունների առումով, քան սահմանադրությունը», – հավելել է նա: Իշխանափոխությունը, ըստ ՀՀ գլխավոր մարքսիստի, դարձել է օրակարգի խնդիր:

Այս համատեքստում Դավիթ Հակոբյանը խոսել է ԱԼՄ հոլդինգի և Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի երեկ հրավիրած հանրահավաքի մասին.

«Այս առումով երեկվա հանրահավաքի արմատական, կարդինալ, գռեհիկ, կոպիտ տակտիկական վրիպումը կայանում է նրանում, որ Կարապետիչը` ունենալով այդքան մարդկային ռեսուրսներ, մեկ ամիս ուլտիմատում և ժամանակ տվեց իշխանություններին փիքր (հավանաբար, նկատի ուներ թուրքական ֆիքիր բառը, որը թարգմանաբար նշանակում է միտք, մտածել – Epress.am) անելու: Սա նշանակում է մտնել քաղաքական սակարկումների մեջ»:

Մարքսիստը հարց է բարձրացրել առ այն, թե արդյոք իշխանությունները մեկ ամսվա ընթացքում կվերադարձնեն խորհրդային բանկերի ավանդները, նոր տնտեսական քաղաքականություն կմշակեն կամ աշխատավարձերը կ ավելացնեն: Ի՞նչ կարելի է սակարկել այս իշխանությունների հետ, հարցնում է Հակոբյանը:

«Արդի պայմաններում ոչ թե իշխանություններին ժամանակ տալն է ուլտիմատիվ ձևով` հետագա ակնկալիքներով, այլ (շարունակում է ռուսերեն լեզվով – Epress.am) պառլամենտական ինստիտուտի և կառավարության բացարձակ և անվերապահ կապիտուլյացիա», – նշել է բանախոսը` հավելելով, որ ամբողջ տնտեսական հանցագործության մեղքն ընկնում է հենց ԱԺ-ի վրա, որը քրեական-մասոնական լոժայի է վերածվել:

Որակելով «Կարապետիչի շարժումը»` Հակոբյանը մեջբերեց Պլուտարքոսին. «Արհամարանքն ու քամահրանքն է ամեն մի մեծ ու հանդուգն գործի պարարտ հողը: Արհամարեցին Կարապետիչին` ստացան արդյունքը»: Նա նաև ասել է, որ հրապարակային ինստիտուտի բազմամարդությունը ցույց է տալիս` ժողովուրդը գտնվում է բարոյահոգեբանական վերելքի շրջանում.

«Կարապետիչը կատարեց իր` քաղաքական կատալիզատորի ֆունկցիան: Բայց եթե նա այդ նույն տակտիկական սխալը շարունակի, ապա պատմության արխիվում կհայտնվի, ինչպես Ստեփանոս Դեմիրճյանը, Մանուկյան Վազգենը, ինչպես հալեպցի Լևոնը (նկատի ունի ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին)»:

Հակոբյանի կարծիքով` հեղափոխական իրավիճակները ստեղծել են ոչ թե «կառապետիչները», այն ստեղծել են «այնտեղ, բարձր դռան ետևում թաքնված պարոնայք»:

Tekali Taxi