Քաղաքապետարանում ընթացող կառուցվածքային ու կադրային փոփոխությունների շրջանակում բավական լուրջ վիճակում են հայտնվել Գագիկ Բեգլարյանի աջ ու ձախ ձեռքերը` քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանն ու զախարյանական շրջանից մինչ այսօր տեղակալ Կամո Արեյանը, գրում է օրաթերթը:
Թեև Կարեն Կարապետյանը նրանց չի հեռացրել, սակայն վերաբաշխել է նրանց ենթակա ոլորտներն ու լիազորությունները: Մեր տեղեկություններով` առանցքային ոլորտներն առանձնացրել է իր նոր տեղակալի` Վահագն Առաքելյանի համար, որին ավագանին պաշտոնապես պետք է ուրբաթ օրը նշանակի: Վահագն Առաքելյանի տրամադրության տակ են լինելու բոլոր փողաբեր ոլորտները` շինարարությունը, ճարտարապետությունը, անշարժ գույքն ու ֆինանսները: Երբեմնի քաղաքապետի թեկնածու համարվող Տիգրան Մարգարյանին բաժին են հասել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման , առևտրի սպասարկման և տրանսպորտի վարչությունները: Կամո Արեյանից վերցվել է կրթության և առողջապահության ոլորտը, նա այլևս լինելու է կոմունալ սպասարկման ու համատիրությունների գծով կուրատոր: Իսկ Վանո Վարդանյանը կհամակարգի կրթության, առողջապահության ու մշակույթի ոլորտները: Ասում են` այս փոփոխությունները հատկապես ծանր է տարել Տարոն Մարգարյանը, որը ոչ հեռավոր անցյալում քաղաքապետի հավակնություններ ուներ: