Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ փողոցային առևտրի արգելման դեմ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ, երբ արդեն մի քանի ժամ էր, ինչ բողոքավորները գտնվում էին Քաղաքապետարանի շենքի առջև, մարդկանց մոտեցել է Երևանի ավագանու անդամ Պողոս Փլավչյանը:
Նա փորձել է հանդարտեցնել բողոքի ակցիայի մասնակիցներին` խոստանալով, որ վաղվա ավագանու նիստի ժամանակ իրենք կքննարկեն նաև այս հարցը և հավաքվածների պահանջը կներկայացվի ավագանու նիստին:
«Տեսնում ես` մարդիկ հավաքված են, չես կարող անտարբեր անցնել, մենք վաղը կքննարկենք այս հարցը»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Փլավչյանը:
Մենք նրան խնդրեցին ասել, թե որ կուսակցությունն է ներկայացնում, սակայն նա չցանկացավ հայտնել, թեև իր անունը և ազգանունն ասաց: Այս մոտեցումն անհասկանալի էր, քանզի Երևանի ավագանու անդամների ցուցակները հրապարակվում են, և յուրաքանչյուրը կարող է տեղեկանալ, որ Փլավչյանը ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
«Ես չեմ ուզում էս հարցի շուրջ քաղաքական դիրք լինի, մեր մարդիկ են, մեր հայերն են, ստեղ կուսակցական հարց չի, էս մարդիկ լուրջ խնդիր ունեն, կփորձենք լուծել»,- բացատրել է ԲՀԿ-ականը: