Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանի գործողությունների մեջ կան դրական և բացասական տարրեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նախընտրել է խոսել դրականի մասին` նշելով, որ, Կարապետյանի բազմահազարանոց հանրահավաքն ապացուցեց, որ որևէ ընդդիմադիր գործիչ չպիտի մեծամտանա` հասկանալով, որ ժողովուրդը որևէ մեկի սեփականությունը չէ:
«Դա նաև Տիգրան Կարապետյանին է վերաբերում», – ասել է Սեֆիլյանը:
Նա նշել է, որ «գորշ գույներն այնքան են խտացել, որ ժողովուրդը պատրաստ է ըմբոստանալու, պատրաստ է դիմադրության»:
Սեֆիլյանի խոսքով` եթե տեսականորեն ենթադրել, որ Տիգրան Կարապետյանը իշխանությունների կողմից ներդրված ականն է, ապա այն կարող էր պայթեցնել Լևոն Տեր-Պետրոսյանը` երեկ Կարապետյանի հրավիրված հանրահավաքին մասնակցելով:
Սեֆիլյանը կրկնել է իր հարցազրույցներից մեկում հնչեցրած այն միտքը, որ եթե որևէ ուժ Սերժ Սարգսյանին ընդունում է որպես նախագահ, ապա այն չի կարող ընդդիմություն լինել: Եվ դա, ըստ Սեֆիլյանի, վերաբերում է նաև Տիգրան Կարապետյանին: