Պետական այցով Հունաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Ֆեցալնիկոսի հետ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Զրուցակիցները քննարկել են հայ-հունական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Ընդգծելով միջպետական հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության դերը` երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների սերտ համագործակցությունը, Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացումը` հաշվի առնելով նաև ՀՀ ԱԺ-ում և Հունաստանի խորհրդարանում գործող Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբերի դերը:
Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Ֆեցալնիկոսը Սերժ Սարգսյանին է հանձնել հունական խորհրդարանի ոսկե մեդալը, որի վրա պատկերված է Հին Աթենքում հունական դեմոկրատիան կերտող Պերիկլեսի դիմանկարը:
Վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը խոսել է երկկողմ տնտեսական կապերը հայ-հունական քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին համարժեք զարգացնելու, առևտրատնտեսական շփումների ուղղությամբ առավել ակտիվ ջանքերի գործադրման անհրաժեշտության մասին:
Վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուն կարևորել է Եվրոպական Միության հետ Հայաստանի ստորագրած համաձայնագիրը, որին իր երկիրն աջակցել է եւ վարչապետի խոսքով, շատ ուրախ է դրա համար` նկատի առնելով, որ երկու երկրների միջև կապերը բարեկամական ու եղբայրական են:
Հունաստանի վարչապետը հույս է հայտնել, որ նախագահ Սարգսյանի պետական այցը Հունաստան կնպաստի երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնմանն ու առավել ամրապնդմանը: