«Մենք քեզանից բան չենք ուզում, մենք հաց ենք ուզում: Մենք մենակ վախենում ենք մեր երեխաների սոված մնալուց, ուրիշ բանից չենք վախենում»:
Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքված տասնյակ մարդիկ այսպիսի կոչերով էին դիմում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Հիշեցնենք, արդեն երկու օր է նրանք բողոքում են Երևանի քաղաքապետարանի` փողոցային առևտուրն արգելելու որոշման դեմ: Հավաքվածները Երևանի տարբեր բացօթյա տոնավաճառներում առևտուր են անում:
Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում են հանդիպել Կարեն Կարապետյանի հետ:
«Մենք չենք կարող ճնշված ապրել էս քաղաքում, քաղաքապետը վախում ա, իջի խոսա էս ժողովրդի հետ, այ վախկոտ», – ասում էին հավաքվածները:
Ցույցի մասնակիցներից մեկն էլ ասաց. «Սերժը ասում էր`«Առաջ Հայաստան», դրել եք զադնի, 100 կմ հետ եք գնացել»:
Մարդիկ պատմում էին, որ Երևանի քաղաքապետարանի որոշման արդյունքում իրենք հայտնվել են անելանելի վիճակում:
«Կռիվ եք ասում, որ կռիվ լինի չեմ գնա, ո՞ւմ համար պիտի գնամ», – ասում էին նրանք:
Բողոքողներից մեկն էլ ավելացրեց. «Ես որ կռվում էի, իրանք կայֆավատ էին լինում»:
Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է:
Հավաքվածները վանկարկում են` «Աշխատանք», «Հացի փող», «Հաց ենք ուզում»: