Խնդիրը նրանում է, որ ճիշտ հաշվարկի դեպքում Նիկոլ Փաշինյանը պետք է ազատ արձակվի 2013 թվականի նախագահական ընտրությունների կիզակետում, իսկ այս պարագայում, եթե նա հինգ ամիս ավել անազատության մեջ գտնվի ստացվում է այնպես, որ նախագահական ընտրությունների ավարտից հետո, երդման արարողությունից, ամեն ինչից հետո նոր միայն Նիկոլ Փաշինյանը պետք է ազատվի: Այսօր Նիկոլ Փաշինայնի պատժի ժամկետի վերաբերյալ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
Պաշտպանը հիշեցրել է, որ այդ մասին Նիկոլ Փաշինյանը դեռ ընդհանուր իրավասության դատարանում բարձրաձայնել է: Վարոսյանի խոսքով` հակառակ կողմի պնդումները իրենց չեն բավարարում:
«Այս պահից կարող եք նշել, որ եթե վերաքննիչ դատարանը մեր բողոքը չհարգի, ներպետական ատյանները սպառելուց հետո, մենք այս հարցը առանձին կներկայացնենք Եվրոպական դատարան, և, առավել քան համոզված եմ, որ սա մարդու իրավունքների խախտում կճանաչվի»,- ընդգծել է Երվանդ Վարոսյանը:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ Փաշինյանը ծանուցագիր չէր ստացել այսօրվա դատական նիստին ներկայանլու համար, Վարոսյանը նշել է.
«Ամեն պարագայում, եթե դատարանը որոշեց, որ արտագնա դատական նիստ է լինելու և այն անցկացվելու է «Արթիկ» ՔԿՀ-ում, բնականաբար, ծանուցման խնդիր էլ չկա: Նրա ներկայությունը կապահովվի: Որովհետև իր ներկա չլինելը նաև իր իրավունքների լրացուցիչ խախտման կհանգեցներ»:
Հիշեցնենք, որ Փաշինյանի փաստաբանները դատարանից պահանջել էին բեկանել 2010թ. նոյեմբերի 19-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի որոշումը: Մնոյանը հրաժարվել էր անվավեր ճանաչել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի` 2010թ. մայիսի 25-ի որոշումը, որով Նիկոլ Փաշինյանի ազատազրկման ժամկետը ավելացվել էր մոտ 5 ամսով, քանի որ հաշվի չէր առնվել Փաշինյանի գործով նախաքննության ընթացքը, երբ լրագրողը գտնվել էր մեկուսարանում:
Այսօրվա դատական նիստի սկզբում Փաշինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը հանդես եկավ միջնորդությամբ` հետաձգել նիստը` իր պաշտպանյալի ներկայությունը ապահովելու համար:
Դատավորը որոշում կայացրեց բավարարել միջնորդությունը` հիմնավորելով, որ Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, չի ստացել դատական նիստի վերաբերյալ ծանուցում: