Հաիթիում բնակվող Վուդու հավատամքի քրմերի սպանության դեպքերի թիվը հասել է 45-ի: Տեղի բնակչությունը նրանց կասկածել է խոլերայի տարածման մեջ, հաղորդում է «Аргументы и факты» պարբերականը:
Զոհերի մեծամասնությանը քարկոծել են, իսկ նրանց դիակներն այնուհետև վառել են: Նման սպանություններ վերջին շրջանում գրեթե ամեն օր են կատարվում:
Ոստիկանության ներկայացուցիչները նշում են, որ վուդու համայնքների ներկայացուցիչներից շատերը հրաժարվում են համագործակցել նախաքննական մարմինների հետ: Երկրում դեռևս 2010 թվականի դեկտեմբերին լուրեր էին տարածվել, որ վուդու կախարդները հատուկ «կախարդական փոշի են» պատրաստում` մարդկանց հիվանդացնելու համար: Դեկտեմբերի 3-ին մեծ ամբոխը մահապատժի է ենթարկել 12 վուդու կախարդների, որից հետո նման դեպքերը շարունակվել են:
Չնայած երկրի իշխանությունները հատուկ արձանագրություն են հրապարակել` բացատրելով, որ խոլերան տարածվում է բացիլների միջոցով, այլ ոչ թե փոշու, սպանությունները շարունակվում են:
Խոլերայի համաճարակը Հաիթիյում մեկնարկել է 2010 թվականի հոկտեմբերին: Մինչ այսօր արդեն վարակվել է մոտ 120,000 մարդ, ավելի քան 2500 մարդ մահացել է: