Մադրիդի կենտրոնական հրապարակում աղբից կառուցված հյուրանոց է տեղադրվել` «Փրկիր լողափը» ակցիայի շրջանակներում:
Երկհարկանի շինությունը կառուցված է փայտից: Իսկ պատերից կախված է ամեն տեսակի աղբ` պլաստմասե տակառներ, փայտե շրջանակներ, օգտագործման համար ոչ պիտանի երաժշտական գործիքներ, պատռված հագուստ, անիվներ, գրքեր, ալյումինե և ապակե տարաներ. մետաղալարեր, ճամպրուկներ, ձայներիզներ, կոտրած սպասք, կենցաղային հին սարքեր և նմանատիպ ապրանքներ:
Այս ողջ աղբը հավաքվել է կամավորների կողմից տեղի լողափներից մեկում, կամ հանվել է ջրից: «Աղբային» հյուրանոցի ներսում 5 սենյակ կա` պատռված գորգերով, հին կոտրված կահույքներով, դեն նետած սառնարանով:
Այժմ հյուրանոցում ապրում են նախաձեռնության առավել ակտիվ 10 կամավորներ, սակայն զբոսաշրջիկները նույնպես կարող են ներս մտնել: Հյուրանոցը կփակվի հունվարի 23-ին: