«Սոբակա լայետ, կարավան իդյոտ» (շունը հաչում է, քարավանը առաջ շարժվում – Epress.am): Էս տարբերակում ժողովուրդն ա շունը, ինչքան ուզում ես ասա, իրանց ուզածն անում են: Այնպիսի տպավորություն է, որ քաղաքը ստեղծված է միայն շենք կառուցելու համար, հանուն նրա, որ շենք կառուցեն:
Եթե ուշադիր նայենք, եթե ստեղ շենք կառուցեն, դիմացը կփակվի, հարակից շենքերին լույսը չի հասնի: Մեր պահանջն այն է, որ վերջապես դադարեցվի այս ապօրինությունները, և մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեն»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Տերյան 21 շենքի բնակիչ Վարդան Գերանոսյանը:
Նշենք, որ Տերյան փողոցի բակերից մեկում շինարարություն է ընթանում, որի արդյունքում, բնակիչների խոսքով, բարձրահարկ շենք է կառուցվում: Գերանոսյանը նշել է, որ իրենք հստակ չգիտեն, թե ով է այս շինության սեփականատերը, բայց կան խոսակցություններ, որ «Լոկալ դեվելոփերս» կազմակերպությունն է` ի դեմս գործարար Սամվել Մայրապետյանի, ում նաև պատկանում է «Հ2» հեռուստաալիքը:
Նշենք նաև, որ շինարարության վայրում չկար ցուցանակ, որի վրա պետք է նշված լինի կառուցապատող ընկերության անունը և կառուցվող շենքի պատկերը, ինչը պահանջվում է օրենքով:
«Մենք արդեն երեք տարվա փորձ ունենք պայքարի, ասեմ նաև, որ դատարանն էլ ոչ մի բան չի տալիս: Մեր գործողությունը կլինի սա, եթե իշխանությունը, բացի խոստումներից, ոչ մի բան չի անում, ապա ժողովուրդն ինքը կանի. մենք կփակենք շինարարությունը, կստեղծենք անախորժ վիճակ, ու հետո տեսնենք` ինչ ա լինում: Կամ մեզ պետք ա բոլորիս տանեն բանտարկեն, կամ պետք ա Մարտի 1-ը կրկնվի»,- ասել է շենքի բնակիչը:
Մինչ մեր զրուցակիցը պատմում էր ստեղծված իրավիճակի մասին, հարակից շենքերից մարդիկ սկսեցին հավաքվել, և այդ պահին շինարարության տարածքում աշխատող էքսկավատորը դադարեցրեց աշխատանքը, տարածքում գտնվող բեռնատար մեքենաները հեռացան: Բնակիչներին մեզ հայտնեցին, որ ամեն անգամ, երբ շինարարությունը սկսվի, իրենք իջնելու են բակ և խանգարելու են աշխատանքներին:
«Իշխանությունները միայն զբաղված են օլիգարխներին սպասարկելով, եթե սենց շարունակվի, կմնան նրանք ու նրանց ծառաները: Արդեն 3-րդ տարին ա` մեզ տեռորի են ենթարկում, ու ամեն ինչ քողարկվում ա «բացառիկ պետական հանրային շահ» արտահայտության տակ: Եթե պետությունը գալիս ա իմ դուռը ծեծում ա, եթե դա պետություն ա, պիտի իմանա, թե կոնկրետ ինչ ա ուզում: Ամբողջ կենտրոնը դեպորտացիայի են ենթարկում, Օսմանյան Թուրքիան էլ ա տեղահանություն կատարել, ինչով են սրանք տարբերվում: Էստեղ երկու տարբերակ կա, կամ դուրս գալ պայքարել սրանց դեմ, կամ փախնել ստեղից, ոչ թե գնալ, այլ փախնել: Բայց հարց ա ծագում, ինչի մենք գնանք, թող իրանք գնան, մենք իրանց ունեցվածքիվց ոչինչ չենք ուզում, իրենք են գալիս մարդկան դուռը ծեծում ու ուզում խլել ունեցվածքը: Այսինքն` ամբողջ տնտեսական միջոցները հավաքել են իրենց ձեռքը, հիմա էլ մնացել ա տները, տներից հետո էլ երևի շորերը, հետո էլ կանցնեն աղջիկներին ու կանանց, դրան էլ կհասնեն»,- բորբոքված ներկայացնում էր բնակիչը: