Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայաստանյան այցի ընթացքում երկու երկրների առաջնորդները մտադիր չեն քննարկել հայաստանցի արտադրողների կողմից վրացական ապրանքանիշերի ապօրինի օգտագործման հարցը:
GeorgiaTimes-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Սևծովյան և Կասպյան տարածաշրջանի քաղաքական և հասարակական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Զախարովը:
«Հայկական, ադրբեջանական և վրացական խոհանոցներում գոյություն ունեն միևնույն կերակրատեսակները` պարզապես բաղադրության մեջ որոշ տարբերություններով և տարբեր անվանումներով: Այս հարցի առնչությամբ ոչ Սարգսյանը, ոչ Սահակաշվիլին չեն պատրաստվում սկանդալ բարձրացնել: Առանց այս խնդրի էլ Հայաստանն ու Վրաստանը բավական բարդ հարաբերություններ ունեն»,- պարզաբանել է Զախարովը:
Փորձագետի կարծիքով` հայ-վրացական բանակցությունների ընթացքում առավել մեծ ուշադրություն կդարձվի էներգետիկայի և տարանցիկ ռեսուրսների հարցերին:
Մեկնաբանելով Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանը էլեկտրաէներգիա է փոխանցում Հայաստանին, փորձագետն ասել է. «Հայաստանն իր սեփական ատոմակայանն ունի, որը բավարար քանակությամբ էներգիա է տալիս, ինչի արդյուքում Հայաստան ինքն է էներգիա արտահանում:
Այդ իսկ պատճառով, Երևանում առանձնապես չեն անհանգստանում, թե Վրաստանում ով ինչ հայտարարությամբ է հանդես գալիս: Այլ հարց է, որ Հայաստանի տարածքով է անցնում Ռուսաստանից դեպի Վրաստան տանող գազամուղը: Այժմ բանակցություններ են տարվում դրա վաճառքի վերաբերյալ, և ոչ միայն Հայաստանի հետ, այլ նաև ` Ադրբեջանի»:
Ըստ Զախարովի` Հայաստանում, հասկանալի պատճառներով, վախենում են վաճառել վրացական գազամուղի հայաստանյան հատվածն Ադրբեջանին, և այս հարցը, անշուշտ, կբարձրացվի Սահակաշվիլիի և Սարգսյանի հանդիպման ընթացքում:
«Եթե գազատար խողովակը գնի ադրբեջանական կողմը, նրանք պարզապես կսկսեն Երևանի համար խնդիրներ առաջացնել: Օրինակ, ինչ-որ հատվածում վերանորոգում կսկսեն: Իսկ գազի ներկրման անգամ մեկշաբաթյա դադարը պարզապես աղետալի արդյունքների կարող է հանգեցնել: Այդ իսկ պատճառով, գազի ներկրումը Վրաստանի տարածով այդչափ էական է Հայաստանի համար»,- ընդգծել է Վլադիմիր Զախարովը: