Գիտությունների ազգային ակադեմիայում մթնոլորտը նպաստավոր չէր ընտրությունների անցկացման համար, և կային արժանի մարդիկ, որոնք չդարձան ակադեմիկոս: Խոսելով վերջերս Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացված ակադեմիկոսների ընտրությունների մասին` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Նշենք, որ ակադեմիկոս չընտրվեց նաև ինքը` Արամ Սիմոնյանը:
Վերջինս այսօր կարծիք է հայտնել, որ ԳԱԱ-ն բարեփոխումների կարիք ունի: Սիմոնյանը նշել է, որ Ակադեմիայում երիտասարդ ակադեմիկոսների խնդիր կա: ԵՊՀ ռեկտորի խոսքով` իր գլխավորած կառույցում կադրերի երիտասարդացման առումով որոշակի քայլեր արվել են, որոնք, սակայն, իրեն չեն բավարարում:
«Սոցիոլոգիայի, իրավագիտության, ռոմանագերմանական, բանասիրության ֆակուլտետներում աշխատում են երիտասարդներ: Փորձառու, առաջատար մասնագտների հետ մեկտեղ` պիտի լինեն նաև երիտասարդ մասնագետներ»,- ասել է ԵՊՀ ռեկտորը:
Արամ Սիմոնյանի խոսքով` ԵՊՀ-ի հիմնախնդիրներից մեկն էլ հենց համալսարանը երիտասարդ կադրերով համալրելն է: Երկրորդ հիմնախնդիրը կրեդիտային համակարգի կատարելագործումն է, 3-րդը`գիտահետազոտական աշխատանքների կիրառական ոլորտում զարգացումն է և 4-րդը` մշտապես առողջացնել ԵՊՀ-ում տիրող մթնոլորտը: